Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» աղմկոտ պայթյունը Իտալիայում

  • Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2016, 13:49

Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հրապարակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման մեջ նշվում է, որ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:

Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:  

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավոր Վոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ:

Իտալական հանրային Rai հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը լայն աշխարհագրություն է ընդգրկել` նկարահանվելով Հռոմում, Միլանում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Երևանում: Նկարահանող խմբին թույլ չի տրվել մտնել Բաքու: Ադրբեջանական իշխանություններն իրենց նման որոշումը պայմանավորել են այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականին նկարահանվող հաղորդման գլխավոր խմբագիրը Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժ է նկարել, որտեղ փաստեր էր բերել Ադրբեջանի կողմից քաղաքացիական թիրախները ռմբակոծելու վերաբերյալ:

Չնայած նկարահանող խումբը չի մեկնել Բաքու, այդուհանդերձ նրանք հաղորդման մեջ օգտագործել են հարցազրույցներ ադրբեջանցի նախկին  քաղբանտարկյալների, այդ թվում և Խադիջա Իսմայիլովայի հետ:

Պայթուցիկ բովանդակություն ունեցող հաղորդման մեջ խոսել են նաև մի խումբ իտալացի պատգամավորներ: Հարցազրույց է արվել Իտալիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարի հետ: Ուշագրավ է, որ նա հարցազրույցը վերջացնում է այն մտքով, որ եթե Իտալիայում էլ լրագրողներին մի քանի ամսով բանտարկեն, իրենց խնդիրների մի մասը լուծված կհամարվի:

Ֆիլմում կան անդրադարձներ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հաղորդման մեջ ընդգծվում է այն իրողությունը, որ ԵԽԽՎ երկրներում սա առաջին քրեական գործն է խավիարային դիվանագիտության թեմայով:

2013 թվականի հոկտեմբերին կայացած նոր ընտրություններում Վոլոնտեն այլևս չի վերընտրվել պատգամավոր, ուստի դրանից հետո ադրբեջանական կողմը փոխել է իր «խավիարային թիրախը»:

Ամենաընթերցվածը