Բաշար Ասադի կինը Սիրիայում սկսված պատերազմից հետո առաջին հարցազրույցն է տվել

  • Քաղաքականություն - 19 Հոկտեմբերի 2016, 15:39
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը երկրում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել ռուսական России 24 հեռուստաալիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաշար Ասադի տիկինը ասել է, որ պատերազմի սկզբից ի Ս եր գտնվել է Սիրիայում և երբևէ չի մտածել այն թողնելու մասին:

«Ինձ առաջարկել են թողնել Սիրիան կամ ավելի ճիշտ փախչել Սիրիայից: Այս առաջարկները ներառում էին անվտանգության և ապահովության երաշխիքներ իմ երեխաների համար և անգամ ֆինանսական ապահովություն: Չպետք է, սակայն, լինել հանճար` հասկանալու համար, թե իրականում այդ առաջարկողներն ինչ նպատակ էին հետապնդում: Դա մտադրված փորձ էր` խարխլելու ժողովրդի վստահությունն իրենց նախագահի նկատմամբ»,- պատմել է 41-ամյա Ասմա Ասադը:

Առաջին տիկինը պատմել է, որ իր պաշտոնեական դիրքը օգտագործել է տեղահանվածներին, սիրիական բանակի վիրավորված զինվորներին և պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:

Խոսելով Դամասկոսում մնալու իր որոշման մասին` Ասմա Ասադն ասել է. «Իմ տեսանկյունից` դա երբեք նախընտրության հարց չի եղել: Ես կանգնել եմ նրա (խմբ.- Բաշար Ասադի) կողքին, քանի որ իմ համոզմունքը ինձ այլ բան չի ասել»: