Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Ալիեւը համաձայնվի

    • Քաղաքականություն - 19 Հոկտեմբերի 2016, 11:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ պատրաստ է Ղարաբաղին ինքնավարություն տալ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Պատահական չէ, որ դա հնչում է այն բանից հետո, երբ Ալիեւը դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ից ղարաբաղյան խնդրի պատճառով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ղարաբաղյան կարգավորման հեռանկարների բացակայության մասին, փաստացի մատնանշելով ստեղծված ստատուս-քվոյին համակերպվելու անհրաժեշտությունը:

Այս շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան եւ կլինեն նաեւ Ղարաբաղում: Այցի նախօրեին ռուս համանախագահ Իգոր Պոպովը, որը հազվադեպ է խոսում, պատասխանել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին եւ ասել, որ չի կարելի կարգավորման համալիրից առանձնացնել այս կամ այն հարցը: Համալիրում, նրա խոսքով, ընդգրկված են տարածքների վերադարձի, կարգավիճակի, փախստականների վերադարձի, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ միջանցքի հարցերը:

Ալիեւը հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին ինքնորոշում տալ «իր տարածաքային ամբողջականության շրջանակում»: Այսինքն, նա համաձայն չէ «անկախությանը»:

Հայաստանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները ծաղրել են այդ հայտարարությունը՝ հիշեցնելով, թե ինչպես էր Ալիեւը բողոքում, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Փաստացի, Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Եթե Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ակամա իր վրա պարտավորություն է վերցնում ճանաչման դեպքում իրագործել կարգավորման այլ կետերը, այդ թվում տարածքների վերադարձը:

Հայաստանը թերեւս հույս ունի, որ Ալիեւը երբեք չի համաձայնվի ճանաչել Ղարաբաղը, սակայն, դատելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից, նա իր հասարակությանը դրան է պատրաստում: Սակայն նա պետք է հնարավորինս թանկ վաճառի այդ որոշումը, եւ այսօրվա հարցազրույցը խաղադրույքը բարձրացնելու համար է:

Ալիեւը հավանաբար հասկանում է, որ կամ ստիպված է լինելու հաշտվել ստատուս-քվոյի, այսինքն՝ 12000 ք/կմ տարածքով Ղարաբաղի հետ, կամ էլ ճանաչել այն 4-5 հազար ք/կմ տարածքով եւ «վերադարձնել» մնացած մասը: Մինչ այժմ Ալիեւին կարծես թե այսքան կոշտ ընտրության առաջ չէին դրել:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ալիեւը գերադասի ճանաչման տարբերակը:

Հայաստանի ԱԳՆ-ն եւ իշխող կուսակցությունն Ադրբեջանին կոչ են անում հետեւել միջնորդների առաջարկներին: Հայաստանն ու Ղարաբաղն ապրիլյան պատերազմից հետո պետք է հրաժարվեին մադրիդյան սկզբունքներից, սակայն գերադասել են հույս դնել Ալիեւի մերժողականության վրա: