Շարմազանովի պատասխանը Չեմբեռլենին

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 14:11
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասելով, որ Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988 թվականին սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները միշտ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում այդ երկրի կազմում:

Ըստ Շարմազանովի՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ազգերի ինքնորոշման իրավունքից, և ինքը որոշի իր ճակատագիրը: «Եվ ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը կկատարի նույն ընտրությունը, ինչ 1991 թվականին կատարեց: Այնպես որ, Ալիևի հայտարարություններն անտեղի են, եթե Ալիևը ցանկացել է ասել՝ անկախ հանրապետություն, գուցե դա է ճիշտը», նշեց ԱԺ փոխխոսնակը:

Նա հիշեցրեց, որ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, իսկ այսօր այդ թիվը 193 է: Այնպես որ, Ալիևն ուզի, թե չուզի, վերջին հիսուն տարիներին աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ լողալ:

Ըստ Շարմազանովի՝ Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: «Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- հայտարարեց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Շարմազանովը պատասխանեց, որ հայկական կողմի մեղքը չէ, որ այն ձգձգվում է:

«ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ արվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է այդ ուղղությամբ: Խնդիրը ադրբեջանական կողմում է, եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ուրեմն նրանք տվայտանքների մեջ են: Փոխզիջումը դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի՞ դիմաց, կորոշի Արցախը, երբ դառնա բանակցությունների լիարժեք կողմ»,- եզրափակեց Շարմազանովը: