«Իսլամական պետություն» նախագիծը փակվո՞ւմ է. ինչո՞վ է այն փոխարինվելու

    • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 13:49
Իրաքում սկսվել է Մոսուլի ազատագրման գործողությունը, իսկ Սիրիայում Իսլամական պետությունից ազատվել է Դաբիք քաղաքը: Փորձագետները Մոսուլը համարում են ԻՊ վերջին հենարանը:

Արդյոք «Իսլամական պետություն» նախագիծը «փակվում է»: Ո՞վ է կանգնած այդ կազմակերպության հետեւում: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան հերքում են այդ կառույցի հետ կապը եւ մեղադրում միմյանց դրան աջակցելու մեջ: Հիմա, ըստ երեւույթին, փոխզիջում կա, որ ԻՊ-ն կատարել է առաքելությունը եւ այն փակելու ժամանակն է:

ԻՊ-ն այս մի քանի տարիներին ամբողջությամբ փոխել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, եւ չնայած պետական սահմաններն անփոփոխ են մնացել, այն պայմաններ է ստեղծել տարածաշրջան օտար զորքերի ներխուժման, դաշինքների, հակամարտող բլոկների եւ անգամ նոր «իզգոյների» ստեղծման համար: ԻՊ գոյության ընթացքում տարածաշրջանում անշրջելի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ եկել է նոր ստատուս-քվոն դե յուրե ամրագրելու ժամանակը:

Հատկանշական է, որ Սիրիայում հարցով վերջին բանակցությունները տեղի են ունեցել Լոնդոնում առանց Ռուսաստանի մասնակցության: Հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ ԵՄ, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄԷ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Ռուսաստանն այսօր ստիպված էր դադարեցնել Հալեպի ռմբակոծությունը եւ համաձայնվել որոշակի պայմանների: Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ հոկտեմբերի 19-ին Պուտինը մեկնելու է Բեռլին Օլանդի, Մերկելի եւ Պորոշենկոյի հետ հանդիպման: Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերը շարունակելու են քննարկվել ընդհանուր համատեքստում:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ագրեսիվ հայտարարություններ է արել՝ նշելով, որ Թուրքիան իրավունք ունի միջամտելու Իրաքի եւ Սիրիայի գործերին: Էրդողանը փաստացի հայտարարել է տարածաշրջանի հնարավոր վերաբաժանմանը մասնակցության հավակնության մասին: Սակայն Թուրքիային թույլ չեն տվել մասնակցել Մոսուլի գործողությանը: Իրաքն էլ նորից պահանջել է թուրքական զորքերի դուրսբերումը:

Ռուսաստանն ու Թուրքիան մերձավորարեւելյան նոր նախագծում կարծես թե հայտնվել են պարտվողի դերում:

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանից 800 կմ հեռավորության վրա: