ՀԱՊԿ-ում առկա են խորը տարաձայնություններ. Փորձագետներ

  • Քաղաքականություն - 18 Հոկտեմբերի 2016, 12:27
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Երեւանում հոկտեմբերին 14-ին տեղի ունեցած նիստը ցույց տվեց, որ դաշնակիցների միջեւ գոյություն ունեն բավականին խորը տարաձայնություններ: Սրա վառ ապացույցն էր այն, որ պահպանվում էր անորոշություն ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարության ընդունման ճակատագրի վերաբերյալ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվեց Հայաստանի ներկայացուցիչը, ինչը նախատեսվում էր համաձայն ՀԱՊԿ կանոնադրության ռոտացիայի սկզբունքի:

Կազմակերպությունում գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան թեստ էր ՀԱՊԿ ներքին կառուցակարգի ու աշխատանքի համար: «Այդ թեստը ՀԱՊԿ-ը չանցավ, իսկ սա ուղղակի ցույց է տալիս այդ կազմակերպությունում առկա ներքին խնդիրները: Մյուս կողմից այս կազմակերպությունը միայն մեկ պետության շահերի է համապատասխանում, որը Ռուսաստանն է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երբ Հայաստանն Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ ներգրավման եզրին էր, այն իրեն չդրսեւորեց որպես դաշինք եւ չաջակցեց իր դաշնակցին: Հավաքական անվատանգության պայմանագրի կազմակերպությունն այլեւս ոչ հավաքանական է , ոչ էլ անվտանգություն երաշխավորող», - նշեց Մեդիա կենտրոնում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 17-ին Ստեփան Սաֆարյանի, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի մասնակցույթամբ տեղի ունեցավ քննարկում–ասուլիս «ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանը Երեւանում. լուծված խնդիրնե՞ր, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով:

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, ՀԱՊԿ գագաթաժողովը կարեւոր էր, բայց ոչ թե արդյունքներով, այլ իր շուրջ ստեղծած մթնոլորտով: «Ինձ զարմացրեց, որ օրակարգից հանվեց գլխավոր քարտուղարի խնդիրը, չէ՞ որ ռոտացիան ավտոմատ է կատարվում, իսկ Հայաստանի դեպքում, փաստորեն ՀԱՊԿ-ում նման խոչընդոտ առաջացավ: Եթե անհամաձայնություն կար, նախօրոք պետք է ասեին: Ստացվում է, որ այս կառույցում ՀՀ իշխանությունների սխալների եւ այլ պատճառներով, մենք ուժեղ դիրքեր չունենք, ու Ադրբեջանը չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան ՀԱՊԿ անդամ Հայաստանը», - տարակուսանք հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ մինչեւ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելը Հայաստանը պետք է լուրջ քննարկումներ անցկացներ դաշնակիցների հետ: «Եթե Երևանը ցանկանար, որ հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացված ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի որևէ ներկայացուցիչ փոխարիներ Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա նախապես այլ անդամների հետ միասին կհամաձայնեցներ»,  - ասաց նա՝ հավելելով, որ իր ներկայացուցչին առաջադրել՝ ի հեճուկս ՀԱՊԿ խորհրդի այլ անդամների, հազիվ թե որևէ մեկին հաջողվի։ «Ուստի այստեղ սպասել, որ Ռուսաստանը կգնա այն ճանապարհով, որ թելադրի Ղազախստանին կամ Բելառուսին, նույնպես չի կարելի», - հիմնավորեց Կռիլովը:

Պատկերավոր ասաց, ըստ Կռիլովի Հայաստանի կեցվածքը հետեւյալն է. «Ահա թեկնածուն, հիացեք և ամուսնացեք»: Մինչդեռ, նշում է նա, պետք էր նախնական հանգամանալից աշխատանք:

Կռիլովը նաեւ հակադարձեց Սաֆարյանի՝ ապրիլյան պատերազմի մասով ՀԱՊԿ-ի անգործության մասին թեզին: «Հիմա նոր իրավիճակ է: Այն է` շփման գծում մոնտաժվում է և կտեղադրվի հակառակորդի գործողություններին հետևելու նորագույն  համակարգ, որը հնարավորություն կտա հստակ որոշել, թե ով է պատերազմական գործողությունների նախաձեռնողը: Եվ սրանից հետո Ադրբեջանն էլ հնարավորություն չի ունենա ասելու, որ ինքն ընդամենը պատասխան քայլեր է ձեռնարկել, եթե, իհարկե, ՀՀ-ն նախաձեռնող չլինի»,-ասաց քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ նա խոսեց նաեւ Ռուսաստանի բացթողումների մասին: «Ականատես եղանք հսկայական բացթողումների հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը պետք է սկսեր Հայաստանին զինտեխնիկայի մատակարարումը, ինչում կա նաև ռուսական կողմի մեղավորությունը: Հուսով եմ ռուսական կողմը համապատասխան եզրահանգումներ կանի: Այն որ Երևանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին անցան ՌԴ-ից առաքված համապատասխան համակարգեր եւ սպառազինություններ, արդեն իսկ խոսում են մոտեցումների որոշակի շտկումների մասին», - նշեց Կռիլովը:


Ամենաընթերցվածը