ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացառապես պետք է սպասարկի ՀԱՊԿ կոլեգիալ շահերը. Շարմազանով

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 15:56
«Ես չգիտեմ ով ինչ ակնկալիք ուներ, ես պետք է ասեմ, որ ՀԱՊԿ, ինչպես նաև ցանկացած միջազգային կառույցում օրակարգը ձևավորվում է նախապես: Ես այդ օրակարգում ապրիլյան պատերազմին անդրադառնալու կարիք որևէ կերպ չի եղել, որովհետև ապրիլյան պատերազմից հետո հանրապետության նախագահը ՀԱՊԿ անդամ երկրների ններկայությամբ հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, ավելին, նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Երևանում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ անդրադարձ չկատարվեց ապրիլյան պատերազմի թեմային:

Ինչ վերաբերում է երևանյան նիստի օրակարգից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանելուն, նա ասաց, որ մեկ անգամ չէ, երբ միջազգային կառույցներում օրակարգերը փոփոխության են ենթարկվում: Դա ՀԱՊԿ խորհրդի որոշելիքն է: Որոշվել է հարցը հետաձգել այնպես, ինչպես այլ հարցեր են հետաձգվել, և այն կքննարկվի Սանկտ Պետերբուրգում:

«Որպես ՀԱՊԿ-ում խնդիրներին քաջատեղյակ անձնավորություն, ուզում եմ մեկ անգամ ևս վերահաստատել՝ կարիք չգա գերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ով էլ լինի, ոչ թե պետք է սպասարկի առանձին պետության շահեր, այլ բացառապես պետք է սպասարկի ՀԱՊԿ կոլեգիալ շահերը», ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ այդ հարցը պետությունների ղեկավարների որոշելիքն է:

Ամենաընթերցվածը