Շարմազանովը հակադարձեց Լավրովին

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 15:09
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոշտ արձագանք տվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Նա նշեց, որ նախ ցանկանում է ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի շարք պատճառներով: Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան դեմ է:

«Ինչո՞ւ ենք դեմ, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում: Պարոն Լավրովին հիշեցնեմ իր իսկ հնչեցրած միտքը, որը պարոն Լավրովը ապրիլի 22-ին Երևանում ասել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր: Եվ նա ասել էր, որ Թուրքիայի նման գործելաոճը հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Ավելին, պարոն Լավրոն ասաց՝ Թուրքիայի գործելաոճը դա խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ի գնահատականի հետ լիովին համամիտ ենք»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ այս տարիներին, նաև ապրիլյան պատերազմում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում և անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, ոչ թե ռազմական լուծման»,- հավելեց նա:

Լրագրողները հարցրին՝ եթե ՌԴ արտգործնախարարի շուրթերով է նման հայտարարություն արվում, դա ի՞նչ է նշանակում, արդյոք Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածություն կա:

«Ազգային ժողովի փոխխոսնակի շուրթերով էլ ասում եմ, որ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մենք անկախ պետականություն ենք և մենք թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ ու միակողմանի դիրքորոշումները լինեն խաղաքարտերին: Թուրքիան նախ և առաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ ու ամբողջական կլիներ, եթե միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիան կատարել իր իսկ կողմից ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները: Ավելին, նաև Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը»,- պատասխանեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հնարավոր պայմանավորվածությանը, նա նշեց՝ պարզ է, Թուրքիան խնդիր ունի այս տարածաշրջանում մեծացնելու իր դերը: Բայց այն, որ Թուրքիան այս հարցում անելի չունի, դա պարզ է, և ՀՀ-ն, և ԼՂՀ-ն, ըստ Շարմազանովի, երբեք չեն համաձայնի, որպեսզի Թուրքիան որևէ դերակատարում ունենա կարգավորման գործում:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հայկական կողմին չի՞ մտահոգում, որ Ռուսաստանը Հայաստանի թիկունքում նման երկակի խաղեր է տալիս: Ի պատասխան Շարմազանովն ասաց, որ համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով՝ երեք համանախագահների միջնորդությամբ:

«Ավելին, ՀԱՊԿ երևանյան հռչակագիրը հստակ ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավործություններին: Թե Վիեննայում, թե Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով»,- նշեց նա:

Շարմազանովն ասաց, որ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխություն չի նախատեսվում, հայկական կողը դրան դեմ է: