Պուտինն ասել է, թե ինչու չի ճանաչում Ղարաբաղը

  • Քաղաքականություն - 17 Հոկտեմբերի 2016, 09:45
Երեւանից Հնդկաստան մեկնած ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ուրբաթ օրը Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում:

Պուտինի խոսքով՝ «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, մտնում է, թե չի մտնում այս կամ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ։ Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել», հավելել է ՌԴ նախագահը։

ՀԱՊԿ երեւանյան հավաքի նախօրեին եւ ընթացքում Ղարաբաղի թեմայով տեղի ունեցան մի շարք իրադարձություններ: Նախ ԱՄՆ պետքարտուղար Քերրին հայտարարեց, թե ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություններ չկան, որին բավական կոշտ արձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ն եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

ՀԱՊԿ հավաքի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն փաստացի Ռուսաստանին հիշեցրեց նրա պարտավորությունը, մասնավորապես 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասով: Ի պատասխան, ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում Թուրքիային փաստացի հավաստիացրեց, որ չեն մոռացել այդ հանգամանքը, որից հետո պաշտոնական Անկարան հայտնեց իր գոհունակությունը:

Եվ ահա, ԲՐԻԿՍ-ի վեհաժողովում Պուտինը հայտարարում է, որ կարեւոր չէ՝ տվյալ երկիրը մտնում է ՀԱՊԿ կազմի մեջ, թե ոչ, «Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»:

Ղարաբաղյան խնդրի համատեքստում այդ երկիրը Ադրբեջանն է, որին փաստացի հաջողվեց երեւանյան հավաքը վերածել իր շահերի արձանագրման միջոցառման:

Քերրին փաստացի առաջարկել է ճանաչել ստատուս-քվոն եւ ղարաբաղյան հակամարտության գոտում ներդնել հետաքննության մեխանիզմներ, որին դեմ են Բաքուն եւ Մոսկվան: Եթե Ռուսաստանը, որը նախագահի խորհրդականի մակարդակով նույնպես խոստովանել է, որ կարգավորման բանակցությունները մտել են փակուղի, ճանաչի ստատուս-քվոն եւ համաձայնվի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դա արդեն որոշակի երաշխիք ու հանգրվան կլինի Ղարաբաղյան գործընթացում, ռազմական գործողությունները բացառելու եւ հետագա հնարավոր ճանաչման առումով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն առանց Ռուսաստանի համաձայնության որեւէ գործողության չի գնա ղարաբաղյան հակամարտության գոտում: Բացի այդ, Բաքուն ներկայում այնպիսի իրավիճակում է, որ ինչպես Ալիեւն է հայտարարում՝ ողջ աշխարհը դեմ է Ադրբեջանին, այսինքն՝ այնտեղ էլ են հասկացել, որ ստատուս քվոյին ներկայում այլընտրանք չկա:

Ներկայում ստատուս քվոն ճանաչելու հարցում փաստացի մնացել է միայն Ռուսաստանի համաձայնությունը, որն այդպիսով հայտնվել է չափազանց բարդ, երկիմաստ իրավիճակում:

Ռուսաստանը թղթերով Հայաստանի դաշնակիցն է, բայց «հաշվի է առնում Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունները»: Պուտինը Ադրբեջանին հավաստիացրեց, որ նրա շահերը չեն մոռացվել, թեեւ նա ՀԱՊԿ անդամ չէ:

Ամենաընթերցվածը