ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը. Պուտին

  • Քաղաքականություն - 16 Հոկտեմբերի 2016, 18:57

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն ուրբաթ կայացած հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը հոկտեմբերի 14-ին մասնակցել է ՀԱՊԿ Երևանում կայացած նստաշրջանին։

«ՀԱՊԿ-ն ստեղծվում էր արտաքին բնույթի սպառնալիքները սահմանափակելու համար։ Մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն բանին, ինչը տեղի է ունենում նաև մեր կողքին, բայց նաև պետք է ձգտենք այն բանին, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են բաժին հասել անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա։ Այդ ենթատեքստում էլ մենք քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդիրը»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա նշել է, որ Երևանում քննարկվել են  նաև «որոշակի լարվածություններ» Խորհրդային Միության այլ նախկին հանրապետությունների միջև։ Պուտինի խոսքով՝ «մեզ համար նույնիսկ կարևոր չէ, մտնում է թե չի մտնում այս կամ երկիրը՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ»։

«Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ։ Եվ դրանք շատ ավելի սերտ են, այդ հարաբերությունները, և ավելի խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունները։ Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- հավելել է ՌԴ նախագահը։