ՀԱՊԿ երեւանյան հավաքի եւս մեկ սկանդալային դրվագ

  • Քաղաքականություն - 16 Հոկտեմբերի 2016, 13:03
Երեւանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ օրակարգում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին:

«Ռուսաստանը կիսվեց մեզ հետ այդ գաղափարով, եւ մենք էլ մեր աջակցությունը հայտնեցինք», հայտարարել էր Չավուշօղլուն Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի հարցին: Այդ համատեքստում նա անդրադարձել է նաեւ Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին:

Այլ կերպ ասած, Չավուշօղլուն Ռուսաստանին հիշեցրել է նրա ստանձնած պարտավորությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Չավուշօղլուին Երեւանում ՀԱՊԿ հավաքի ժամանակ «պատասխանել է» ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, ասել է նա:

«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան իրենց պայմանավորվածությունները կատարեն առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», ասել է Լավրովը, ավելացնելով, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային փոխգործակցություն տարածաշրջանում:

Այլ կերպ ասած, Լավրովը նկատի ունի այն, որ եթե Հայաստանը տարածք հանձնի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանն, ու տրանսպորտը կշարժվի: Այսինքն, Լավրովը Չավուշօղլուին հավաստիացրել է Ռուսաստանի ստանձնած պարտավորության հարցում:

Թուրքական կողմի արձագանքը հետեւել է անմիջապես. «Անկարան դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին հայտարարությունը»: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են ադրբեջանական Թրենդ գործակալությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս խնդիրը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին»:

Այսպիսով, Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ վեհաժողովը, որի արդյունքում նույնիսկ հայտարարություն չարվեց, իսկ Լուկաշենկոյի խոսքով՝ օրակարգի հարցերն ընդհանրապես չէին ձգում նախագահների մակարդակին, փաստացի անցավ Ադրբեջանի շահերի արձանագրման լույսի ներքո եւ վերածվեց ռուս-թուրքական երկխոսության՝ փոխադարձ հավաստիացումներով: