Ռուս-թուրքական մերձեցման խաղեր

    • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 19:35
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի  այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։  Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։

Լավրովի խոսքով՝ եթե Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հարցի հետ կապի, ապա իրենք միայն ուրախ կլինեն:

«Կարծում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Տեսնենք, թե ինչպես կընթանա գործը»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ «ողջ տարածաշրջանում նորմալ տնտեսական համագործակցության ապահովման հարցում»։

Բոլորովին անակնկալ չէր այն ոչ միայն այն առումով, որ ռուս-թուրքական մերձեցման միտումները կարող էին նման մոտեցումների հանգեցնել, այլ այն պատճառով, որ սա ուներ իր նախադեպը, իհարկե ոչ այսքան շեշտակի այնուամենայնիւ նույնինքը արտգործնախարարության բանբերի բերանով՝ հայտարարված, կիսահերքված տեսքով։ Եւ եթե մտաբերենք նաեւ նշանավոր «Իզվեստիա»-ի մեկնաբանական լրատվությունը, ըստ որի ՌԴ-ն պատրաստ է աշխատելու, որպեսզի ՀՀ-ն ապաշրջափակվի երկկողմանիորեն, ապա կհեշտանա համայնապատկերի կարեւոր բաղադրիչների տեսանելիությունը։

Արցախյան հակամարտության կարգաւորման գործընթացում Թուրքիայի միջնորդական կողմ  դառնալը որքան անընդհատ արծարծվում էր  պաշտոնական Անկարայի ղեկավարների կողմից, այնքան անուղղակիորեն մերժվում էր միջնորդական առաքելություն իրականացնողների կողմից։ Գումարած պաշտոնական Թեհրանը, որ Թուրքիայից հնչած հերթական նման հայտարարության դիմաց հայտնում էր իր պատրաստակամությունը միջնորդական դեր ստանձնելու։

Հիմա ստացվում է այն, որ համանախագահող երկրներից մեկը եւ այս դեպքում ոչ պարագայական մեկը, զուտ դեկլարատիւ առումով համաձայնվում է, որ երեք համանախագահող երկրներից բացի, մի այլ դարձյալ ոչ պարագայական երկիր հնարաւորությունը ունի դրական դեր ստանձնելու արցախյան հակամարտության լուծման գործընթացում։ Աւելին. նա տեսնում է Անկարայի դրական դերակատարությունը ամբողջ տարածաշրջանում, նորմալ տնտեսական համագործակցության դաշտում։

Այստեղ  վտանգաւոր բաժինը ամենից շատ կենտրոնանում է հետեւյալ բաժնի վրա. Եթե ՀՀ-ն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը։ Պարզ է ակնարկը. խոսքը վերաբերում է արձանագրություններին, որոնք երկկողմանիորեն հանված են խորհրդարանի օրակարգից։ Թեեւ Լավրովը նույն նախադասությունում աւելացրել է, առանց Ղարաբաղի հետ կապի, ինչը որ ենթադրում է առանց նախապայմանի։

Պաշտոնական Երեւանը չի բաժանում Լավրովի այս մոտեցումները։ Պաշտոնական Երեւանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Սա ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի արագ հակազդեցությունն է. «Հայաստանը նախկինի պես կարծում է, որ Թուրքիային պետք է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,– ասել է խոսնակը։

Անկարայի մոտեցումը այս հարցում պարզ է. հայկական կողմից պահանջված զիջումների իրականացման դիմաց, Անկարան կվաւերացնի արձանագրությունները. ըստ պայմանաւորվածության հայկական կողմը կգնա արձանագրությունների վաւերացման, որը կհանգեցնի սահմանի բացման։ Այստեղ նրբությունը հետեւյալ կետին է վերաբերում։ Լավրովի պատկերացմամբ Երեւանն ու Անկարան իրենց պայմանավորվածությունները պետք է կատարեն հարցերն առանց Արցախին կապելու. ինչ որ ամբողջ ոլորապտույտը դարձ ի շրջան յուր է առաջնորդում, որովհետեւ պարզապես Անկարան իր նախապայմանային քաղաքականությունից հրաժարվելու որեւե նախադրյալ չի դրսեւորում։

Առաջին հայացքից Լավրովը որդեգրում է Անկարայի գծած ճանապարհային քարտեզը, ընդգծելով, որ սա կհանգեցնի ՀՀ-ի երկկողմանի ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության նորմալացմանը։

Առաջադրվածը ստատուս քվոյի կտրուկ փոփոխություն է. տարակուսելի է, թե՞ Մոսկվան կո՞ղմ է ստատուս քվոյի փոփոխությանը, թե՞ Անկարայի հետ մերձեցման խաղերի շրջանակում հերթական անգամ շահարկում է արցախյան եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։

Ամենաընթերցվածը