Լուկաշենկոն Երեւանում ասել է գլխավորը

    • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 15:58
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Երեւանում մասնակցում էր ՀԱՊԿ վեհաժողովին, դժգոհել է, որ մանր հարցերով իրեն բերել են այստեղ: Նա նշել է, որ քննարկվող հարցերը նախագահների մակարդակի չեն:

Լուկաշենկոն մեկ այլ գրեթե սակրալ արտահայտություն էլ է արել. նա ասել է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչում ՀԱՊԿ-ը: Այսինքն, կա ռազմական դաշինք, որը զորավարժություններ եւ այլ բաներ է անում, սակայն աշխարհը չի ճանաչում այն:

Ի՞նչ է թաքնված Լուկաշենկոյի բառերի տակ: ՀԱՊԿ երեւանյան վեհաժողովից առաջ կազմակերպությունը փորձել է ՄԱԿ-ից խաղաղարար գործունեության մանդատ ստանալ: Չնայած ՄԱԿ Գլխավոր ասամբելայի շրջանակում ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին, կոմիտեներում քննարկումների մասին աղմկոտ հայտարարություններին, ՄԱԿ-ը ըստ ամենայնի չի համաձայնվել մանդատ տալ ՀԱՊԿ-ին:

Ճանաչումը դաշինքի գոյության գլխավոր պայմանն է: Չնայած 25 տարվա գոյությանը՝ ՀԱՊԿ-ն այդպես էլ չի ճանաչվել: Ամերիկյան 6 նահանգ, Բասկերի խորհրդարանը և մի շարք այլ կառույցեր ճանաչել են Ղարաբաղը: ՀԱՊԿ-ն ընհանրապես ոչ ոք չի ճանաչել:

Լուկաշենկոն դժգոհ էր, որովհետեւ Երեւանի վեհաժողովին, ինչպես խոսում էին կուլիսներում, հույս ունեին երկու կարեւոր որոշում կայացնել Սիրիայում եւ գուցե նաեւ Ղարաբաղում ՀԱՊԿ ուժերի տեղակայման վերաբերյալ: Սակայն ՄԱԿ-ը չի ճանաչել ՀԱՊԿ-ը, դաշինքը խաղաղապահ մանդատ չի ստացել, եւ Երեւանում նախագահները չեն կարողացել հայտարարել Սիրիայում եւ Ղարաբաղում զորքերի տեղակայման մասին:

Հայտարարություն չի արվել նաեւ այն մասին, որ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերն սպառնալիք են ՀԱՊԿ երկրներին, չնայած մինչեւ վեհաժողովն այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնականը: ՀԱՊԿ-ի երեւանյան վեհաժողովում ընդունվել է կազմակերպության ռազմավարությունը, սակայն, դատելով պաշտոնական հայտարարությունների բացակայությունից, դաշինքի անդամները կարծես թե չեն համաձայնվել ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին փաստացի հակառակորդներ հայտարարել:

Լուկաշենկոն այս ամենի մասին ակնարկել է՝ հայտարարելով, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում ճանաչել ՀԱՊԿ-ը: Այդպիսի վիրավորանքից հետո տղամարդն առնվազն պարտավոր է ամուսնանալ: