Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ժխտողականության դեմ օրինագիծը

  • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 11:43
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, Մայեն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ընդունված օրենքը:

Ռիշար Մայեն 2005թ-ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի: Պատգամավոր լինելու տարիներին նա նաև դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ են սահմանում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթե համապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60 պատգամավորներ:

Ամենաընթերցվածը