ՀԱՊԿ-ի սկանդալային տապալումը Երեւանում

  • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 11:04
Երեւանում երեկ տեղի ունեցավ եվրասիական միանգամից մի քանի միջոցառում՝ ՀԱՊԿ վեհաժողովը անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ եւ անվտանգության խորհրդի նստաշրջանը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ինչ որ ֆորում, որին ժամանել էին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ:

Այս հավաքներն ընդհանուր առմամբ ցույց տվեցին եվրասիական կառույցների դատարկությունն ու անհեթեթությունը, կառույցներ, որոնք անհնար է անվանել դաշինքներ կամ բլոկներ: Դաշինքներում կամ բլոկներում լինում են ընդհանուր շահեր ու նպատակներ, եվրասիական կառույցները հիշեցնում են ռուսական հայտնի առակը, երբ հակասություններն այնքան շատ են, որ սայլը տեղից չի շարժվում, իսկ կողմերն իրար առաջարկելու բան չունեն, բացի պահանջներից:

Այս հանգամանքը հատկապես ընդգծվեց Երեւանում, երբ ոչ միայն ամփոփիչ որեւէ նույնիսկ հայտարարություն չեղավ, ինչպես լինում է սովորաբար, այլեւ փաստացի չեղյալ արվեցին օրակարգի նախկին որոշ պայմանավորվածություններ, իսկ եղած հարցերն էլ, Լուկաշենկոյի գնահատմամբ, չէին ձգում նախագահների մակարդակին:

Հավաքին մասնավորապես հայտարարվեց, որ հետաձգվում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, որը տեղափոխվում է տարեվերջ՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված հավաքին: Մինչ այդ հայտարարվում էր, թե նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանից:

Փոխարենը, հավաքն անցավ ուշագրավ իրադարձությունների ֆոնին: Իբր մրսածության պատճառով Երեւան չժամանեց Նազարբաեւը, տեղեկություն եղավ, որ Պուտինի օդանավը Հայաստան է մտել Ադրբեջանի տարածքից: Ակնհայտ էր, որ Երեւան ժամանելով, ՀԱՊԿ երկրների նախագահների հայացքը ուղղված էր դեպի Բաքու, որպեսզի հանկարծ Ադրբեջանին չնեղացնեն, փոխարենն՝ ամեն գնով գցեն երեւանյան հավաքի նշանակությունը:

Փաստացի, երեւանյան հավաքն անցավ Ադրբեջանի «նշանաբանով», կարելի է ասել՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում փաստացի «զբաղեցնում» է Ադրբեջանի տեղը: Համենայնդեպս, Ադրբեջանը գոնե ընդհանուր շահեր ունի այդ երկրների հետ:

ՀԱՊԿ երեւանյան հավաքն այս առումով ունեցավ դրական նշանակություն: Եթե Ռուսաստանում կամ անդամ այլ երկրներում այդ հավաքներն անցնում են գոնե արտաքնապես քիչ թե շատ սոլիդ, երեւանյան հավաքը բացահայտեց այդ կառույցի ողջ սնանկությունը, քանզի Երեւանում ՀԱՊԿ երկրների ղեկավարներն արդեն չէին կարող քողարկել իրերի դրությունը, համենայնդեպս Հայաստանի մասով: 

Ամենաընթերցվածը