ՀԱՊԿ-ը ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ անդամ երկրներին. Կոմերսանտի անդրադարձը երևանյան գագաթնաժողովին

  • Քաղաքականություն - 15 Հոկտեմբերի 2016, 10:56
Ռուսական «Կոմերսանտ» թերթն անդրադարձել է Երևանում հոկտեմբերի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների նախագահների գագաթնաժողովին: Միջոցառումը լուսաբանող լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը գրում է.

ՀԱՊԿ գագաթնաժողովը սարսափելի ոչ ինֆորմատիվ էր լրագրողների համար: Նեղ կազմով հանդիպման սկզբում անհասկանալի ու հոգնած տեսքով մի քանի բառ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները երկու ժամից ավելի զրուցեցին փակ ռեժիմով: Դրանից հետո պարոն Սարգսյանը ևս մի քանի բառ ասաց քթի տակ և արդեն ցանկանում էր ստորագրել նախապես համաձայնեցված փաստաթղթերը, սակայն բոլորին, նախևառաջ լրագրողներին, փրկեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 «Անկեղծ խոստովանում եմ, նախապատրաստված նյութերը ոչ մի կերպ չեն ձգում երկրների ղեկավարների մակարդակով քննարկմանը», - ասաց Լուկաշենկոն:

Ի՞նչն է նյարդայնացնում Ալեքսանդր Լուկաշենկոյին նախապատրաստված փատաթղթերում:

- Գրված է, որ ոչ ոք չի ցանկանում ճանաչել ՀԱՊԿ-ը, հատկապես ՆԱՏՕ-ն… որ կազմակերպությունն իբր այն չէ…

Ամբողջ խնդիրը սա է: ՀԱՊԿ-ի շուրջ և ՀԱՊԿ-ի ներսում բոլոր վեճերը հանգում են նրան, որ կազմակերպությանը, բացի այն, որ ծվատվում է ներքին հակասություններից, չի ճանաչվում նաև աշխարհում:

Բելառուսի նախագահը գիտի՝ ինչպես արագացնել ճանաչումը:

-Եթե խնդրենք, որ մեզ ճանաչեն, ամեն ինչ այդպես էլ կմնա: Մենք պետք է ստիպենք, որ ճանաչեն, որ մեր կազմակերպությունը վերջապես լուրջ մակարդակի բարձրանա:

Իհարկե, ստիպել կարելի է միայն ուժով, և Ալեքսանդր Լուկաշենկոն, անկեղծ ասած, փորձեց ուժ ցույց տալ հենց այժմ: Սակայն մի բան հաշվի չէր առել. այդ սրահում մկանների ցուցադությունը կարող էր թշվառ երևալ:

Միգուցե նրան այդ մասին ասել են գործընկերները, այնպես որ նա անգամ ճեպազրույցին չմասնակցեց, որտեղ պետք է ներկա լիներ որպես կազմակերպությունում նախագահող երկրի նախագահ:

Սերժ Սարգսյանն ինքն իր հանդեպ այնքան հավատարիմ էր (ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայից բացի նրա կողքին ոչ ոք նստած չէր), որ պարզ էր՝ ցանկության դեպքում չի հաջողվի նրանից անգամ մեկ արտահայտություն մեջբերել:

Պետք է ենթադրել, որ վեճերը լուրջ են, իսկ տարաձայնություններն այնքան անհաշտելի, որ անգամ չեն կարողացել պայմանավորվել, թե Նիկոլայ Բորդյուժայից հետո ով է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Գագաթնաժողովի այս աստիճան փակ լինելը, որը հայկական դիվանագիտության առանձնահատկություններից բացի կապված է նաեւ կազմակերպության հակասականության հետ, տխուր է: ՀԱՊԿ ապագայի վերաբերյալ կանխատեսումները լի են վատատեսությամբ: Հազիվ թե հաջողվի ուժով պարտադրել աշխարհին, որ ճանաչի ՀԱՊԿ-ը, որքան էլ Լուկաշենկոն ցանկանա:

Կազմակերպությունը ներկայիս վիճակով ոչ ոքի չի հետաքրքրում, այդ թվում դրա անդամ երկրներին:

Այնպես որ այն երկար և դժբախտ գոյություն է ունենալու: