ՀԱՊԿ երկրների ղեկավարներն աջակցություն են հայտնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 20:01

Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սերժ Սարգսյանը:

«Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը», նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես ուժի և սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: