Լավ լուր ՀԱՊԿ խորհրդի երեւանյան նիստից

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 19:17

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը Երևանում կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մենք հետաձգել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Օրակարգից հարցը հանվել է»,-  նշեց Սերժ Սարգսյանը: Նա հավելեց, որ այդ հարցին կանդրադառնան տարվա վերջին Ռուսաստանում:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ երեւանյան նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը: Տեղեկություններ հայտնվեցին, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել Սեյրան Օհանյանը, սակայն վերջինս հայտարարեց, որ ինքը կմերժի, եթե լինի նման առաջարկ:

Դժվար է ասել՝ արդյոք սա է պատճառը, որ այլ թեկնածու չի եղել, թե այնուամենայնիվ այլ պատճառներ կան, մասնավորապես ՀԱՊԿ երկրների չկամությունը:

Իր հերթին, չի բացառվում, որ առկա է նաեւ Ադրբեջանի գործոնը, եթե նկատի առնենք, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ը ոչ մի անգամ չի անդրադարձել Ադրբեջանի տարբեր տարիների ագրեսիաներին ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի, այդ թվում ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանին «չնեղացնելու» համար:

Հետաքրքիր է, որ երեւանյան նիստին չմասնակցեց ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում Ադրբեջանի ոչ պաշտոնական «խոսնակ» Նազարբաեւը, իսկ Պուտինն էլ Հայաստան ժամանեց Ադրբեջանի օդային տարածքով:

Մյուս կողմից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակվելը Հայաստանի համար որեւէ դրական հեռանկար չի խոստանում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը ներկայում դիմակայության մեջ է Արեւմուտքի հետ եւ փորձում է վտանգավոր ծրագրերի մեջ ներքաշել նաեւ ՀԱՊԿ երկրներին:

Կարելի է պատկերացնել, թե ինչ պատասխանատվության տակ կընկնի Հայաստանը, առավել եւս եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի Հայաստանից: