Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու առումով շատ կարևոր փուլում ենք. Ֆիլիպ Կալտենբախ

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 18:50

Ֆրանսիայի Սենատում սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում կատարած փոփոխությունների առիթով շնորհավորել է գործընկերներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, ֆրանսիացի սենատորը շեշտել է, որ ցեղասպանությունների, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է սենատորների մեծամասնության կողմից բազմաթիվ քաղաքական բախումներից հետո:

«Այսուհետ պատժամիջոցներն առնչվում են բոլոր ցեղասպանություններին: Ժխտողականությունը, և մասնավորապես 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժխտումը, պատժելու առումով շատ կարևոր փուլում ենք: Ի հակադրություն Եվրոպայում առաջ շարժվող ծայրահեղականության, ի հակադրություն Մերձավոր Արևելքում կամ այլուր տեղի ունեցող անտանելի զանգվածային հանցագործությունների` կենսական նշանակություն ունի, որ Ֆրանսիան հստակ ուղերձով հանդես գա: Մենք դա անում ենք այս քվեարկությամբ: Մենք այլևս չենք կարող հանդուրժել ժխտողականությունը մեր երկրում ոչ մի դրսևորմամբ, քանի որ ինչպես ասել է Էլի Վեյզելը, ժխտողականությունը զոհերին երկրորդ անգամ սպանելն է»,- ընդգծել է սոցիալիստ սենատորը:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: