Ռուս պաշտոնյան Երեւանում հեգնել է Հայաստանին

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 18:18
Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, թե Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանը դրական ցուցանիշներ է արձանագրում, ընդամենը քաղաքական ենթատեքստ ունեն: Այս կարծիքին է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ով Lragir.am-ի հետ զրույցում նմանօրինակ հայտարարություններին հակափաստարկներ է բերում:

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Երեւանում եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն, և որ Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ անդամակցությունից հետո արձանագրում է տպավորիչ ցուցանիշներ:

Աշոտ Եղիազարյանն ասում է, որ անհասկանալի է, թե ինչ ինտեգրացիոն կենտրոն դառնալու մասին են խոսում ռուս պաշտոնյաները:

«Դա առնվազն հեգնանք է: Այսինքն՝ ինչի՞ ինտեգրացիայի կենտրոն պետք է Հայաստանը դառնա, ընդհանրապես այդ Եվրասիական տնտեսական միությունն ինտեգրացիայի կենտրոն չունի, ինտրեգրացիայի կենտրոնը պետք է լինի Ռուսաստանը, որը ինտեգրող ներուժ չունի: Տնտեսության կառուցվածքի առումով այդ երկիրը համարվում է հումքային ու հետամնաց երկիր: Հայաստանի դեպքում առավել ևս, մեր երկիրը մեկուսացված է, սահմաններ չունի ԵՏՄ անդամ երկրների հետ, ներմուծումից կախված երկիր է, ինչի՞ կենտրոն պետք է լինի, անհասկանալի է»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում, տնտեսագետը հակառակն է պնդում՝ տպավորիչ ցուցանիշներ չկան:

«Եթե նկատի ունեն այն ցուցանիշները, որ Հայաստանը որոշակի աճ է արձանագրել վերջին երկու տարվա ընթացքում, երբ մնացած երկրներն անկում են արձանագրել, դա այլ հարց է: Բայց մենք գիտենք, թե Հայաստանն ինչ աճ է արձանագրել և ինչի հաշվին է այդ աճը եղել: Գյուղատնտեսությունից զատ Հայաստանը որոշակի տնտեսական աճ արձանագրել է նաև արտաքին պարտքի ծավալներն ավելացնելու հաշվին: Եվ այն, որ հիմա Հայաստանը կանգնել է լուրջ տնտեսական ու ֆինանսական հիմնախնդիրների առաջ, նույնպես փաստ է, որի մասին անգամ պաշտոնյաներն են փաստում, վարչապետն է փաստում: Ի՞նչ հաջողությունների մասին կարող է խոսք լինել»,- նշեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ ենթադրվում է, որ այսօրինակ հայտարարությունները քաղաքական ենթատեքստ ունեն: Իսկ այդ ենթատեքստը հետևյալն է՝ ԵՏՄ-ն բարենպաստ է անդրադարձել Հայաստանի վրա, և Հայաստանը հանկարծ թող չփորձի վիճակը ներկայացնել շատ ծանր և այլ տեղաշարժեր չկատարի Արևմուտքի ու Իրանի ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե վիճակը շատ ծանր է:

«Իսկ իրականում Հայաստանը ոչինչ չի ստացել այդ միության կազմում: Հայաստանը մեկուսացել է, կորցրել է իր տնտեսական զարգացման բոլոր հեռանկարները՝ Արևմտյան ուղղությամբ, Իրանի ուղղությամբ: Հայաստանն իր վրա կրում է բոլոր այն ռիսկերը, որոնք կան այսօր Ռուսաստանում, որովհետև Հայաստանն այսօր փաստացի դարձել է Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական տարածքի մաս», հավելեց տնտեսագետը:

Ամենաընթերցվածը