Ինչու է Պուտինի օդանավը Հայաստան մտել Ադրբեջանով

  • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 16:34
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը Հայաստան ճանապարհին շրջանցել է Վրաստանի օդային տարածքն ու Հայաստանի օդային տարածք է մտել Ադրբեջանից: Այդ մասին գրում է armrus.info հայ-ռուսական պորտալը, ասելով, որ տեղեկությունը հիմնված է ռադարային ծառայության տվյալների վրա:

Թե ինչու՞ է Պուտինը շրջանցել Վրաստանը, պարզ չէ: Նա մի՞շտ է այդպես անում Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս, թե՞ ուղղությունը կախված է այն բանից, թե Ռուսաստանի նախագահը հատկապես որ քաղաքից է գալիս Հայաստան: Թեեւ, Պուտինը կարծես թե գալիս էր Մոսկվայից: Իսկ Մոսկվայից Երեւան օդային երթուղին կարծես թե անցնում է Վրաստանի օդային տարածքով:

Պուտինը անվտանգության նկատառումներո՞վ է շրջանցել Վրաստանի օդային տարածքը, որ հանկարծ իր օդանավի հետ տեղի չունենա օրինակ այն, ինչ ասենք մալայզիական Բոինգի հետ տեղի ունեցավ ռուսական Բուկից արձակված հրթիռի հետեւանքով` Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից:

Թե՞ Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի օդային տարածքից մտնելով Հայաստան, ինչ որ ակնարկներ է անում Արցախի հակամարտության մասով:

Բոլոր դեպքերում, Պուտինն արդեն Հայաստանում է եւ մասնակցելու է ՀԱՊԿ Վեհաժողովին: Ի դեպ, այդ Վեհաժողովի ընթացքում, համենայն դեպս ըստ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցչի, նախագահներին է ներկայացվելու կազմակերպության Ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը, որի տեքստում ՀԱՊԿ անդամները պետք է մտահոգություն արտահայտեն Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ եւ ՆԱՏՕ ՀՀՊ տեղադրման կապակցությամբ, դա համարելով անվտանգության սպառնալիք: Համենայն դեպս, այդպիսի բան է առաջարկվում ՀԱՊԿ նախագահներին:

Երեւի Պուտինն այդ ռազմավարության նախագծի ազդեցության տակ էլ փորձել է Հայաստան ճանապարհին թռչել Եվրոպայից հնարավորինս հեռու` Ադրբեջանի վրայով:

Ամենաընթերցվածը