Անկեղծ վարչապետն ու կեղծավոր «բազեն» Ռուսաստանից

    • Քաղաքականություն - 14 Հոկտեմբերի 2016, 14:08
Հայաստանում հոկտեմբերի 14-ին անցկացվում է եվրասիական տնտեսական թեմայով հերթական ինչ որ համաժողով, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը: Գլազեւը ուշագրավ ֆիգուր է, ընդ որում ոչ միայն իր տնտեսական հայացքներով, որոնք «բազեական» են` օրինակ նա առաջարկում է ՌԴ-ին հրաժարվել դոլարից, այլ նաեւ քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ Գլազեւը եղել է ուկրաինական իրադարձություններում Դոնբասի եւ Ղրիմի շրջանում ռուսամետ ուժերի համակարգողը, ինչի մասին վկայում են Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները:

Այդ Գլազեւը Երեւանում ֆորումում հայտարարել է, որ թեեւ թերահավատները կարծում էին, թե ԵՏՄ անդամակցումը ոչինչ չի տա Հայաստանի տնտեսությանը, այդուամենայնիվ Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ անդամակցությունից հետո արձանագրում է տպավորիչ ցուցանիշներ, եւ Հայաստանը կարող է դառնալ նույնիսկ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն:

Ընդամենը մի քանի շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանի առաջին հայտարարությունն այն էր, որ տնտեսության վիճակը ծանր է` «չափազանց ծանր»: Կարապետյանը հայտարարեց, թե անկեղծ կպատասխանի դրա վերաբերյալ պատգամավորների հարցին:

Հայաստանի քաղաքացին, գործարարն առանց վարչապետի հայտարարության էլ գիտեր, որ վիճակը չափազանց ծանր էր: Պարզապես, Կարեն Կարապետյանին նախորդող վարչապետը հայաստանցիներին փորձում էր համոզել հակառակում, նախարարներին հանձնարարելով, որ տարփողեն տնտեսական աճը, ընդ որում եւ վիճակագրական, եւ որակական աճը:

Փաստորեն, Սերգեյ Գլազեւը գտնվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ռեժիմում: Երեւի նրա համար Հայաստանն այնքան անհետաքրքիր, անկարեւոր, ուշադրությունից դուրս մի բան է, որ չգիտի էլ, որ Հայաստանում վարչապետ է փոխվել, որ նոր վարչապետը անկեղծորեն հայտարարել է, որ տնտեսական վիճակը չափազանց ծանր է:

Չի կարող տնտեսական վիճակը լինել չափազանց ծանր, բայց պետությունը տպավորիչ արդյունք արձանագրել ԵՏՄ անդամակցությունից: Հետեւաբար, կամ չկա ծանր վիճակ, եւ իրականությունը նենգափոխում է Կարեն Կարապետյանը, կամ իրականությունը նենգափոխում է Սերգեյ Գլազեւը:

Ակնհայտ է թե Կարեն Կարապետյանի, թե Գլազեւ-Ռուսաստանի խնդիրն ու դրանց տարբերությունները: Կարեն Կարապետյանի համար կարեւոր է, որպեսզի տնտեսական ներկայիս վիճակը բնորոշվի չափազանց ծանր: Այդպիսով նա իհարկե մարտավարական առումով փորձում է իր վարչապետությունն ապահովել մեծ դինամիկայի սպասումներից, մեծ պատասխանատվությունից:

Միեւնույն ժամանակ, վիճակը ներկայացնելով չափազանց ծանր, Հայաստանի իշխանությունը փորձում է իր համար ստեղծել ԵՏՄ եւ մասնավորապես Հայաստանի տնտեսության գլխավոր հովանավոր Ռուսաստանի հանդեպ պահանջների փաստարկային «բազա», հակառակ պարագայում ձեւավորել Ռուսաստանին շրջանցելու եւ տնտեսական ռեսուրսներն այլ տեղերում փնտրելու փաստարկային «բազա», որպես Ռուսաստանի հնարավոր դժգոհության հակադարձման միջոց:

Ռուսաստանն էլ իր հերթին գործում է հակառակ տրամաբանությամբ, հայտարարելով, որ Հայաստանը չունի ԵՏՄ-ից եւ իր ուշադրությունից դժգոհելու հիմք, քանի որ ԵՏՄ շնորհիվ արձանագրում է տպավորիչ արդյունք:

Այսինքն, Ռուսաստանն այդպիսով իր համար թողնում է Հայաստանի «աջ» կամ «ձախ» հայացքը նախատելու փաստարկային «հիմք»:

Ի՞նչ պետք է անի այս դեպքում պաշտոնական Երեւանը: Ռուսաստանից որեւէ ներդրումային հույս չկա, միաժամանակ Ռուսաստանը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությանը թույլ չի տա անկաշկանդ այլընտրանք փնտրել «աջ» կամ «ձախ»:

Իսկ կաշկանդված փնտրելու դեպքում, Հայաստանը կարող է լուծել ընդամենը իրավիճակի ընդհանուր կայունության կամ գոյատեւման խնդիր, ոչ թե զարգացման: Զարգացման խնդիրներ լուծելու համար հարկավոր է այլընտրանքի անկաշկանդ փնտրտուք: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունը, լավ հասկանալով, որ Հայաստանի տնտեսության վիճակն իսկապես ծանր է, ու միաժամանակ չունենալով օգնելու որեւէ ավելորդ ռեսուրս, թույլ է տալիս կամ ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը կարողանա իր կայունության խնդիրը լուծել Ռուսաստանին այլընտրանք աղբյուրների հաշվին, բայց չկարողանալով անցնել զարգացման լուծում ենթադրող անկաշկանդ ռեժիմի: