Չինական պետական ընկերությունը հույս ունի ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել Հայաստանի հետ

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 19:27

Չինական պետական CAEC ընկերությունը հույս ունի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Ընկերության ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում չինական պետական ընկերության ներկայացուցիչ Ջո Լան ընդգծեց, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ և ռազմական տեխնիկայի արտադրությամբ: «Մենք արտադրում ենք հակաօդային պաշտպանության ռադարներ, ռադիոկայաններ, ինչպես նաև մարտական հերթապահության և անվտանգության տեսախցիկներ»,- ասաց նա:

Ջո Լան ընդգծեց, որ այս պահին Հայաստանի հետ համագործակցություն չկա, սակայն հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի նման համագործակցություն հաստատել:

«Նախկինում հայկական կողմից որոշակի հետաքրքրություն եղել է, սակայն այս պահի դրությամբ հստակ որևէ բան չկա: Հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք համագործակցություն հաստատել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ռազմական արտադրանքը հիմնականում արտահանում են Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրներ: