Հայաստանին պարտադրված կամուֆլյաժը

    • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 16:23
ՀԱՊԿ ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի, Երեւանում ՀԱՊԿ վեհաժողովից առաջ հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա այդ համատեքստում կարեւոր է համարել հավաքական ուժերի կազմավորումը, ուսումնական կենտրոնների ստեղծումը:

Երբ աշխարհակարգային վերափոխման աշխույժ եւ թեժ ժամանակաշրջանի պայմաններում ռազմա-քաղաքական դաշինքը մտադրվում է ամրապնդել իր անդամների անվտանգությունը, բարձրացնել իր ուժային պոտենցիալը, դա լիովին բնական եւ օրինաչափ երեւույթ է:

Խնդիրը պարզապես այն է, թե որպես ռազմա-քաղաքական դաշինք ինչ երեւույթ է ՀԱՊԿ-ն ինքը: ՀԱՊԿ-ն ոչ միայն ռազմա-քաղաքական դաշինք չէ, այլ այդ կազմակերպության անդամների տարբեր գործողություններ վկայում են, որ դրանում ներառված սուբյեկտները պարզապես հակադիր շահերի եւ անվտանգության հակադիր հրամայականների կրողներ են:

Նրանք գործնականում չունեն ընդհանուր շահ, եւ այդ պարագայում հարց է առաջանում, թե ՀԱՊԿ ռազմական ինչ ներուժի մասին կարող է լինել խոսքը: Ինչ ներուժի մասին կարող է լինել խոսքը, եթե ՀԱՊԿ չունի նույնիսկ մեկ կամ կես քաղաքական հայտարարության ներուժ, որը հարիր կլինի ռազմա-քաղաքական դաշինքի, որի անդամը ենթարկվել է եւ պարբերաբար ենթարկվում է ոչ անդամ երկրի ռազմական եւ քաղաքական գրոհի, ագրեսիայի:

Խոսքը հայ-ադրբեջանական հարաբերության մասին է, Հայաստանի հանդեպ Բաքվի ագրեսիվ քաղաքականության, հռետորաբանության, նաեւ ռազմական գործողությունների մասին:

Տարիներ շարունակվող այդ իրավիճակում երբեւէ չի զգացվել, որ կա ռազմա-քաղաքական մի դաշինք, որն անվտանգության պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ: Եվ դա միայն մի դրվագ է այն իրողությունից, որը հաստատում է` ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական պարադոքս է, ոչ թե դաշինք:

Ըստ այդմ, պարադոքսի ռազմական ներուժի ավելացումը չի կարող լինել անվտանգության երաշխիք, անվտանգության մակարդակի բարձրացում: Հակառակը, երբ մեծանում է պարադոքսի ներուժը, ըստ այդմ մեծանում է անվտանգության սպառնալիքը, մարտահրավերը:

Եվ հակառակը` որքան փոքր լինի ՀԱՊԿ ռազմական ներուժը, այդքան թերեւս առավել օպտիմալ կլինեն դրա անդամներն իրենց անվտանգության սպասարկման հարցերում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանին: Որքան ավելի ազատ լինի Հայաստանը ՀԱՊԿ կոչվող պատրանքից:

Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը նման է կամուֆլյաժի, որը կամ շատ փոքր է մարտիկի վրա, կամ շատ մեծ, ինչի հետեւանքով այն դե ֆակտո ոչ միայն չի օգնում, այլ խանգարում է արդյունավետ պաշտպանվել: Բայց, մարտիկին պարտադրում են հագնել այդ կամուֆլյաժը: Եվ հիմա նաեւ ուզում են մեծացնել ներուժը, այսինքն բավական չէ այդ կամուֆլյաժը շատ լայն է, կամ շատ նեղ, այսինքն խիստ անհարմար եւ անպիտան, դեռ մի բան էլ պատրաստվում են լցնել դրա գրպանները:

Ամենաընթերցվածը