Արա Աբրահամյանի ակնարկը Սերժ Սարգսյանին

    • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 13:13
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երեւանի պետհամալսարանում Ռուսաստանի հայկական սփյուռքի վերաբերյալ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, թե Ռուսաստանում իրենց հաշվարկով ապրում է մոտ 3 միլիոն հայ, սակայն այդ հայկական սփյուռքի ներուժի 1 տոկոսն է միայն օգտագործվում Հայաստանի զարգացման համար:

Արա Աբրահամյանի հաշվարկը հետաքրքիր է: Բանն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ` 2012 թվականին, Արա Աբրահամյանն ուներ այլ հաշվարկ, ըստ որի ՌԴ-ում ապրում էր 2,5 միլիոն հայ: Համենայն դեպս, Արա Աբրահամյանը հենց այդ հաշվարկն էր ներկայացրել Պուտինի հետ նախընտրական հանդիպմանը, երբ հայտարարում էր, որ Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանում է Պուտինի նախագահական թեկնածությունն ու հպարտ են այդպիսի թեկնածու ունենալու համար:

Պուտինն այդ հանդիպմանը Աբրահամյանի հաշվարկին հակադարձել էր իր հաշվարկը, հարցնելով, թե ինչքան հայ է ապրում Հայաստանում: Արա Աբրահամյանը հայտարարել էր, թե մի քիչ ավելի` 3,2 միլիոն: «Դա հայկական հաշվարկներով, իսկ մեր հաշվարկով ավելի քիչ», ասել էր Պուտինը:

Չորս տարի անց պարզվում է, որ Արա Աբրահամյանի հաշվարկը փոխվել է, եւ եթե 2012-ին նա խոսում էր Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայերի մասին, ապա այժմ խոսում է մոտ 3 միլիոն հայության մասին:

Պուտի՞նն է ազդել Արա Աբրահամյանի հաշվարկի վրա, թե՞ Հայաստանի արտագաղթը, որի հետեւանքով փաստորեն անցնող չորս տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանում արձանագրում է արդեն հայերի թվի մոտ կես միլիոն ավելացում:

Որովհետեւ, եթե Պուտինն այստեղ կապ չունի եւ Արա Աբրահամյանը քառամյա վաղեմության հանդիպումից հետո չի ուղղել իր սխալը` նոր հանդիպման դեպքում Պուտինի մոտ «հաշվապահական» վրիպում թույլ չտալու համար, ստացվում է, որ Արա Աբրահամյանը հայտարարում է Հայաստանից արտագաղթի ահռելի ցուցանիշի մասին` կես միլիոն մարդ չորս տարվա ընթացքում:

Նույնիսկ ընդդիմադիր ուժերը, որ ահազանգում են արտագաղթի մասին, կարծես թե չեն ներկայացնում այդպիսի տվյալներ:

Չի բացառվում իհարկե, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը պարզապես նախապատրաստվում է Պուտինի հայաստանյան այցին, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին` ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակում:

Խոսելով Ռուսաստանում ապրող մոտ 3 միլիոն հայերի մասին, Արա Աբրահամյանն ըստ երեւույթին ուզում է ցույց տալ, որ մեծ հաշվով ավելի շատ հայ ապրում է Պուտինի, քան Սերժ Սարգսյանի նախագահության ներքո: Հավանաբար ՌՀՄ-ին հանձնարարված է զբաղվել Պուտինի այցի քարոզչական նախապատրաստությամբ: Առավել եւս, չորս տարի առաջ հայտնի միջադեպը ակներեւաբար ցույց տվեց, թե ՌԴ իշխանության համար ընդհանրապես ինչ խնդիր ունի Ռուսաստանի հայերի միությունը:

Այդ համատեքստում, երբ այդ միության նախագահը հայտարարում է, թե Ռուսաստանի հայության ներուժի ընդամենը մեկ տոկոսն է օգտագործվում, թերեւս հարկ է ողջունել դա: Որովհետեւ այդ միությունը հանդիսանում է Հայաստանում Ռուսաստանի իշխանության շահերի առաջամարտիկը, եւ եթե այդ գործում ներգրավված է Ռուսաստանի հայության ներուժի ընդամենը մեկ տոկոսը, ապա լավ է, որ 99 տոկոսը դուրս է այդ գործից:

Որովհետեւ, Ռուսաստանի հայերն ունեն իսկապես մեծ ներուժ, որը սակայն Հայաստանի համար կարեւոր կլինի այն դեպքում, երբ ծառայի Հայաստանի զարգացմանն ու արդիականացմանը, ոչ թե Հայաստանում ռուսական իշխանության բացահայտ կամ քողարկված քարոզչությանը:

Ընդ որում, Հայաստանում կան Ռուսաստանի հայերի ներուժի այդպիսի օգտագործման բազմաթիվ օրինակներ, որոնք բարեբախտաբար դուրս են Արա Աբրահամյանի «հաշվապահությունից»: