Չինաստանը պատրաստ Է թույլատրել երկրի տարածքից մուտքը Facebook

  • Քաղաքականություն - 13 Հոկտեմբերի 2016, 10:26
ՉԺՀ-ի իշխանությունները պատրաստ են թույլատրել մայրցամաքային Չինաստանի տարածքից մուտքը Facebook պայմանով, որ սոցիալական ցանցի վարչակազմը կատարի երկրի օրենսդրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պեկինում կայացած հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի Համացանցի գործերի դիվանատան փոխղեկավար Ժեն Սյանլյանը:

«Համացանցի զարգացման ոլորտում Չինաստանի քաղաքականությունը բաց է մնում»,-նրա խոսքը մեջբերել է «Ժենմին Ժիբաո» թերթի Էլեկտրոնային տարբերակը: Կարգավորիչի ներկայացուցիչը այդպես է մեկնաբանել այն հարցը, որ ապագայում կարող է վերականգնվել մուտքը Facebook եւ Google-ի որոնողական ծառայությունը:

Ամերիկյան սոցցանցը քանիցս հայտարարել Է, որ շահագրգռված է մտնելու Չինաստանի ինտերնետ-տարածություն: Բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկրում (մոտավորապես 1 մլրդ 375 մլն քաղաքացի) ինտերնետ-օգտատերերի թվաքանակը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել Է 710 միլիոնի:

ՉԺՀ-ի իշխանությունները հսկողություն են իրականացնում զանգվածային տեղեկատվության միջոցների եւ Համացանցի նկատմամբ: Ներկայում մայրցամաքային Չինաստանում արգելված է մուտքը Google, Twitter եւ Facebook ծառայություններ, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ խոշոր ԶԼՄ-ների կայքեր, որոնց թվում են՝ The New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ Bloomberg գործակալությունը: Այս սահմանափակումները չեն գործում Հոնկոնգում, որը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանն է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: