Հայ-իսրայելական ֆորումը կարող է քննարկել հակամարտող երկրներին զինամթերք չմատակարարելու հարցը. Ցինկեր

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 18:24
Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական  բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի խոսքով` հայ-իսրայելական նորաստեղծ ֆորումը խթան է հանդիսանալու Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերի ամրապնդման համար:  

«Հասարակական ֆորումի ստեղծման գաղափարն առաջացավ դեռեւս 2015 թվականին Երեւանում գործընկերներիս հետ հանդիպումների ժամանակ: Ֆորումի գործունեությունն ազգային դիվանագիտության զարգացման հիմքով պետք է ձեւավորի իսկապես գործող մի հարթակ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտերում մշտական համագործակցության համար: Ես ուրախ եմ, որ մեր գաղափարի իրականացմանն աջակցեցին միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Ցինկերը, ով ընտրվել է ֆորումի համանախագահ իսրայելական կողմից:

Ֆորումը ծառայելու է որպես հարթակ երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահական, զբոսաշրջային եւ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Հարցին, թե արդյոք բացի նշված ոլորտներից ընդգրկվելու են համագործակցության այլ ոլորտներ, օրինակ` պաշտպանական, նա պատասխանեց.

«Ֆորումը չի պատրաստվում կատարել ո՛չ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ո՛չ գործարար եւ ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքները: Մեր նպատակն է ապահովել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը,  խնդրահարույց իրավիճակների վերհանումը եւ դրանց չեզոքացման ուղիներ փնտրելը եւ ընդհուպ մինչեւ հարցերի բարձրաձայնումը խորհրդարանական եւ կառավարական մակարդակներում: Այդ հարցերին կարող են առնչվել դիվանագիտական հարաբերությունների բարձրացումը այլ մակարդակի, վիզային ռեժիմի վերացումը, իսրայելական տեխնոլոգիաների ներդրո֍ մը տարբեր ոլորտներում, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հայ ծրագրավորողների ներգրավումը բարձր տեխնոլոգիական նախագծերի համատեղ իրականացման գործում եւ այլն»,-ասաց Կնեսետի նախկին պատգամավորը` նշելով, որ ֆորումի նպատակներից մեկը կարող է դառնալ հակամարտության մեջ ներգրավված երկրներին զինամթերքի փոխադրումների սառեցման հարցը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մ եկնարկեցին հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքները:

Հայկական կողմից ֆորումը համանախագահել է ՀՀ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտության դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: