Էրդողան. Թուրքիան առանց թույլտվության էլ կարող է մասնակցել Մոսուլի գործողությանը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 12:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է նրանց, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան միանա Իրաքի Մոսուլ քաղաքն Իսլամական պետությունից ազատագրելու ռազմական գործողությանը: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում ընթացող Եվրասիական իսլամական խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում է Հյուրիյեթը:

Էրդողանի խոսքով, Իսլամական պետությունն սպառնում է Թուրքիային, և Թուրքիայի պարտականությունն է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել և օգնել հարևան երկրներին՝ Իրաքին և Սիրիային: Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ չի պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել՝ մասնակցելու ռազմական գործողություններին:

«Որոշ պետություններ շատ կիլոմետրեր են անցնում Աֆղանստանում և այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու համար, եթե համարում են, որ իրենց համար սպառնալիք է ծագել, այն դեպքում, երբ Թուրքիային, որը 911 կմ սահման ունի Սիրիայի և 350 կմ Իրաքի հետ, չեն ցանկանում թույլ տալ միջամտել և վերացնել հարևան երկրներից եկող սպառնալիքը», - ասել է նա:

Տեղեկացնենք, որ Իրաքի խորհրդարանը դեմ է արտահայտվել երկրի տարածքում թուրքական զորքերի ներկայությանը: Իրաքում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է ուղարկվել: