Նազարբաևը հիվանդության պատճառով չի կարողանա այցելել Հայաստան և Ադրբեջան. պաշտոնական հայտարարություն

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 11:43
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

«Որոշ շտկումներ են մտցվել նախագահի աշխատանքային գրաֆիկում, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջը միջազգային միջոցառումներին պետության ղեկավարի մասնակցություն չի պլանավորվում: ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանում կայանալիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուկիբայի խոսքերն են մեջբերում միջազգային լրատվամիջոցները:

Մամուլի քարտուղարի խոսքով` ներկայում Նազարբաևը բուժվում է:

Նազարբաևը պլանավորում էր պաշտոնական այցով ժամանել Հայաստան, ինչպես նաեւ մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի` հոկտեմբերի 14-ին նշանակված հերթական նստաշրջանին` պետությունների ղեկավարների մակարդակով: Այսօր նա պատրաստվում Էր պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան:

Ինչպես նշել է Ուկիբայը, «հետագայում նախագահի գործունեությունը կշարունակվի սովորական աշխատանքային գրաֆիկի համաձայն»:

Ամենաընթերցվածը