Սահակաշվիլիի կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 10:38
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, որոշել Է չբոյկոտել խորհրդարանկան ընտրությունների երկրորդ փուլը եւ մասնակցել դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվումից հետո խորհրդարան Է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը» (ձայների 48,67 տոկոսը),  «Միասնական ազգային շարժումը»(27,11 տոկոս)  եւ «Հայրենասերների դաշինքը» (5,01 տոկոս): Բուրջանաձեի դաշինքը հավաքել է ձայների 3,53 տոկոսը՝ դրանով իսկ չհաղթահարելով նվազագույն շեմը: ԿԸՀ-ի տվյալներով՝ 50 ընտրատարածքներում պետք Է կայանա երկրորդ փուլ:

«Մեր կուսակցությունը մնացել է միակ արեւմտամետ ուժը: Մենք «Վրացական երազանքի» ռեժիմին թույլ չենք տա միակուսակցական կառավարում հաստատել երկրում: Հենց դրա համար էլ մենք որոշում ընդունեցինք, որ, չնայած ընտրությունների կեղծմանը, կուսակցությունը կմտնի խորհրդարան (համամասնական ցուցակներով) եւ կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտարարել է Բաքրաձեն:

Նրա խոսքով՝ չնայած այդ հարցում թիմի ներսում առկա տարաձայնություններին, այդ որոշումն ընդունվել Է կուսակցության քաղխորհրդի ձայների մեծամասնությամբ:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Նինո Բուրջանաձե- Ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ պահանջում Է վերահաշվել ընտրողների ձայները:

«Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 200 գանգատ, որոնք դատարան ենք ներկայացնելու: Իրականում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ ենք հավաքել, արդյունքները պետք Է վերանայվեն»,- ասել է Բուրջանաձեն:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նույնպես հայտարարել են, որ ընտրությունները կեղծված են: «Դրանք անարդար ու անազատ ընտրություններ Էին… արդյունքները շատ հեռու են իրականությունից»,- ասել Է ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան: Կուսակցության հիմնադիր Սահակաշվիլին Facebook-ի իր էջում ընտրությունների արդյունքները համարել է «համատարած զեղծարարություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը