Նազարբաեւը «կփռշտա՞» ՀԱՊԿ-ի վրա

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2016, 16:20
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հարբուխ է, ինչի պատճառով հետաձգել է հոկտեմբերի 12-ին Ադրբեջան նախատեսված այցը: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Նազարբաեւը բուժման փուլում է:

Հետաքրքիր է, կազդի՞ հարբուխը նրա Հայաստան այցի վրա, որը ծրագրված է հոկտեմբերի 13-ին: Եթե Նազարբաեւը մինչ այդ բուժի հարբուխը, ապա հավանական է, որ Ալիեւը սկսի կասկածել, թե բանն իսկապես հարբուխն էր, ու կնեղանա, եթե Նազարբաեւը գա Հայաստան, իսկ Բաքու չգնա: Այդ դեպքում Նազարբաեւը երեւի թե ստիպված կլինի Բաքու գնալ Հայաստանից: Կամ պարզապես չգալ նաեւ Հայաստան:

Բայց, չգալով Հայաստան, Նազարբաեւը բաց կթողնի նաեւ ՀԱՊԿ Վեհաժողովը, որը տեղի է ունենալու Երեւանում:

Ինչպես հայտնի է, այսպես կոչված եվրասիական ինտեգրացիոն նախագծերում` ՀԱՊԿ, ԵՏՄ, Նազարբաեւը հանդիսանում է Ալիեւի ոչ պաշտոնական ներկայացուցիչ, փորձում թե քաղաքականապես, թե բարոյապես պաշտպանել նրա շահը: Օրինակ, ապրիլի պատերազմի օրերին Ղազախստանի պահանջով չեղարկվեց Երեւանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը, թեեւ այդ պահանջին առանց որեւէ դժկամության ընդառաջեց նաեւ Ռուսաստանը, հակառակ դեպքում հավաքը կարող էին անցկացնել առանց Ղազախստանի վարչապետի էլ:

Այդ իմաստով, եվրասիական ինտեգրացիոն նախագծերում միայն Ղազախստանը չէ, որ գործադրում է Ադրբեջանին սիրաշահելու ջանքեր: Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ կա նույնիսկ որոշակի մրցակցություն, թե ով ավելի շատ կգոհացնի Ալիեւին: