Սիրիահայերը «վառեցին» սփյուռքի նախարարությունը

    • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2016, 14:07
Հայաստանի զարգացման «Իդեա» հիմնադրամը, որ ստեղծել է բարերար, ներդրող Ռուբեն Վարդանյանը, մի շարք այլ հիմնադրամների հետ համատեղ գործակցությամբ հայտարարել է Սիրիայի հայությանը Հալեպից Երեւան տեղափոխելու գործընթացին ֆինանսական աջակցության մասին:

Վերջին շաբաթներին Հալեպի հայության վիճակն էլ ավելի է ծանրացել, հրթիռակոծումների հետեւանքով մահվան դեպքերը` հաճախակիացել: Հալեպում ծավալվում է աշխարհքաղաքական դրամատիկ պայքար, միաժամանակ պարզապես մարդկային ողբերգություն: Եվ այդ կիզակետում է հայտնվել նաեւ հայ համայնքը, որն ըստ տարբեր տեղեկությունների ներկայում կազմում է մոտ 10 հազար մարդ, որոնք Հալեպից դուրս չեն եկել առ այսօր:

Ըստ որում, հակասական է նաեւ դուրս չգալու պատճառը, քանի որ կա վարկած, որ նրանք պարզապես չեն ցանկացել լքել իրենց տները, բայց կա նաեւ տեղեկություն, որ մնացել են առավելապես նրանք, ովքեր չունեն հեռանալու միջոց: Պատճառները միգուցե շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում, ողբերգական իրադրության ծավալման ֆոնին մի բացակայություն է կարծես թե դառնում աղաղակող ու ակնառու` «հայկական պետականության» բացակայությունը:

Սիրիահայության խնդիրը, առավել եւս վերջին օրերին դրա ողբերգականության աճը «վառեց» սփյուռքի նախարարություն կոչվող խաղաքարտը, որ Հայաստանի իշխանությունը մեջտեղ էր բերել 2008 թվականից:

Սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունները պետք է լինեին այն խողովակները, որոնցով հայկական պետականությունը պետք է արդյունավետ զբաղվեր Սիրիայի հայ համայնքի խնդրով:

Ընդ որում, զբաղվելը չէր ենթադրում էվակուացիայի արդյունավետ կազմակերպում: Զբաղվելը ենթադրելու էր աշխատանք սիրիահայ համայնքի հետ դեռեւս այն ժամանակաշրջանից, երբ Սիրիայում պատերազմը դեռ չէր ստացել խոշորամասշտաբ ծավալում, սակայն արդեն մտել էր զինված դիմակայության փուլ: Զբաղվելը պետք է ենթադրեր համայնքի հետ աշխույժ աշխատանք, որի միջոցով տեղի հայությանը պետք է ներկայացվեին Հայաստան տեղափոխվելու առաջարկներ, երբ այդ տեղափոխումը կլիներ ոչ թե տարերային, այլ մշակված, կազմակերպված, համակարգված, առանց խուճապի: Հայությունը կկարողանար տեղափոխվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ տեղափոխել այն ռեսուրսները կամ դրանց զգալի մասը, որ տնօրինում էր տարբեր նյութական կամ ֆինանսական արժեքների տեսքով:

Կասկած չկա, որ դա լինելու էր բավական բարդ աշխատանք, առաջին հերթին հենց սիրիահայերին այդ մտքին, տեսակետին բերելու հարցում, որ չարժե մնալ ու սպասել Ասադի հաղթանակին, որ Սիրիայում սպասվում է բավական արյունալի եւ թեժ բախում, անկանխատեսելի հեռանկարներով:

Անկասկած է, որ տեղի հայ համայնքում բավական մեծ մաս է կազմել սեգմենտը, որը համոզված է եղել Ասադի արագ հաղթանակի հարցում` գտնվելով սիրիական իշխանական քարոզչության ազդեցության տակ, զգալիորեն կտրված լինելով իրականությունից:

Եվ իհարկե, Հայաստանի իշխանությանը բավական բարդ պետք է լիներ մարդկանց համոզելու, որ հեռանալու ժամանակն է` հանգիստ, առանց խուճապի, «արյունավետ» հեռանալու ժամանակը:

Առավել եւս, որ այստեղ իհարկե կարող էր լինել նաեւ քաղաքական հարց` Սիրիայի իշխանության հետ: Փաստացի ստացվելու էր, որ Հայաստանը հեռացնում է Սիրիայի իշխանության «հպատակներին»: Պաշտոնական Դամասկոսը թերեւս այդքան էլ դրական չէր նայի Հայաստանի այդ գործունեությանը:

Ընդհանրապես, բավական բարդ այդ իրավիճակում անկասկած շատ նուրբ էր ԱԳՆ մասշտաբով աշխատելու խնդիրը: Այդ իմաստով, Սփյուռքի նախարարությունը դառնում էր եզակի միջոց, որը կարող էր համեմատաբար ազատ աշխատել Սիրիայի հայության հետ: ԱԳՆ-ն կարող էր մշակել մոտեցումները, ուղղությունները, իսկ սփյուռքի նախարարությունը զբաղվեր դրանց պրակտիկ իրագործմամբ:

Ընդ որում, թե անմիջապես Սիրիայում, թե ամբողջ սփյուռքում, ապահովելով այդ խնդրի իրագործման նյութա-տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը, քանի որ մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով դա կարող էր զգալի բեռ լինել պետության ուսին:

Այդպիսով, սիրիահայության խնդիրը կարող էր լինել այն բացառիկ հանգամանքը, որը կիմաստավորեր սփյուռքի նախարարության գոյությունը: Բայց ներկայում սիրիահայության խնդիրը դաձավ այն ծանրակշիռ, ու արդեն նաեւ ողբերգական հանգամանքը, որը աղաղակող ձեւով ցույց տվեց այդ կառույցի գոյության անարդյունավետությունն ու անիմաստությունը, մեծ հաշվով «վառելով» այդ խաղաքարտը:

Այդպիսով, ԱԳՆ կողքին` որպես պետական քաղաքականության իրականացման վառված մի խաղաքարտ, սփյուռքի նախարարությունը դարձավ փաստորեն երկրորդը:

Ըստ ամենայնի, այդ հանգամանքը լիովին գիտակցվում է նաեւ պաշտոնական Երեւանի մակարդակով, քանի որ գործնականում անիմաստ համարվեց այդ կառույցների ղեկավարների փոփոխությունը, քանի որ դրանք այլեւս պետք է հիմնավորապես փոխել որպես կառույց` միայն ղեկավար փոխելն այլեւս չի փոխի ոչինչ:

ԱԳՆ-ն ու Սփյուռքի նախարարությունները այն կառույցներն էին, որոնք ոչ թե արագ արձագանքման, այլ կոնցեպտուալ արձագանքման գործառույթ պետք է իրականացնեին, որը չեն արել: Համենայն դեպս, դրա մասին է վկայում այն, որ առ այսօր այդպես էլ անհասկանալի է մնում Հայաստանի պետական վերաբերմունքը խնդրի հանդեպ:

Արդյոք միայն ֆինանսներն են եղել խնդիրը, թե՞ կան այլ խնդիրներ: Կամ, արդյոք խնդիրները եղել են միայն աշխարհքաղաքական բնույթի, թե՞ հալեպահայության հարցում հստակ եւ ամբողջական դիրքորոշման ձեւավորմանը խոչընդոտել է նաեւ այն, որ տեղի հայկական տարբեր կառույցներ հետապնդել են տարբեր նպատակներ, շահեր, պայմանավորված եկեղեցական կամ կուսակցական, խմբային շահերով, Սիրիայի կառավարական շրջանակների հետ ըստ այդմ տարաբնույթ հարաբերություններով եւ գործարքներով, հետեւաբար դրանցից բխող քայլերով եւ Հայաստանից սպասվելիք հնարավոր գործողությունների վերաբերյալ այդ ամենից բխող մոտեցումներով:

Ըստ այդմ, Սիրիայի խնդիրն ու սիրիահայության ողբերգական ճակատագիրը լինելով աշխարհքաղաքական «հանելուկի» մի հետեւանք, հնարավոր է, որ նաեւ համահայկական մի «հանելուկի» հետեւանք է, որի պատասխանի խիստ անհրաժեշտ մասը այժմ Հալեպի հայերին փրկելն է, բայց հանելուկը պահանջում է լիարժեք պատասխան, քանի որ անկասկած դրանից է նաեւ կախված լինելու հայկական պետականության հեռանկարը եւ առկա նոր մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: