Ալիեւը խոստովանեց

    • Քաղաքականություն - 08 Հոկտեմբերի 2016, 11:45
Հայաստանը մեծ հովանավորներ ունի, մեկը փող է տալիս, մյուսը՝ զենք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահն անսպասելիորեն խոստովանել է, որ մեծ տերությունները պնդում են, որ ղարաբաղյան կարգավորումը դուրս բերվի միջազգային օրակարգից: Նա մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ինչպես նաեւ եվրոպական կառույցներին՝ հայտարարելով, որ չի ինտեգրվի Եվրոպայի հետ, որը չի ընդունում մուսուլմաններին:

«Հայաստանը, գործի դնելով կեղտոտ մարտավարությունը եւ հիմնվելով հայկական լոբբիի աջակցության վրա, նորից ցանկանում է, որ այս հարցը դուրս բերվի համաշխարհային օրակարգից: Մենք չպետք է թույլ տանք դա, եւ հարցը մոտ ժամանակներում պետք է լուծվի: Սակայն և դուք, և ադրբեջանական հասարակությունը լավ գիտեք, որ հարցը ոչ միայն Հայաստանի պատճառով չի լուծվում: Հայաստանը մեծ հովանավորներ ունի, մեկը փող է տալիս, մյուսը՝ զենք, մեկը լոբբի է ստեղծում, մյուսը քարոզում է: Սա էլ հակամարտության չլուծված լինելու պատճառն է», - ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի 4 բանաձեւերը 20 տարուց ավելի չեն կատարվում, եւ Ադրբեջանը փորձում է հարցն այլ հարթակներ տեղափոխել, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն, Չմիացած երկրների շարժում: Սակայն, Ալիեւի խոսքով, Քերիի հայտարարությունը նշանակում է աջակցություն «Հայաստանի նվաճողական քաղաքականությանը»:

Ալիեւի հայտարարությունները, սակայն, ավելի շուտ նման են սեփական հանրությանը ռազմական եւ քաղաքական պայքարի անհեռանկարությունը բացատրելու փորձերի: Չնայած ասում է, որ չի տրվի արտաքին ճնշմանը, նրա հայտարարությունների տրամաբանությունը վկայում է, որ Ադրբեջանն այլ ճանապարհ չունի:

Իլհամ Ալիեւը երկար տարիներ միլիտարիզացիայի քաղաքականություն է վարում՝ բացառելով հայ և ադրբեջանցի հանրությունների միջեւ շփումները: Այս տարիներին նա իր ժողովրդին ասել է, որ Ադրբեջանը վայելում է համաշխարհային հանրության աջակցությունը եւ կհասնի իր ուզածին: Նա այդ կերպ էր պահում իր իշխանությունը: Սակայն երեկվա հայտարարությունը քաղաքականության փոփոխության նշան է, ընդ որում, հարկադրված:

Այսպիսի հայտարարությանը, որպես կանոն, կամ պատերազմ է հետեւում, կամ էլ կարեւոր համաձայնագրի ստորագրում: «Իսկանդերները», որոնք Ռուսաստանը ստիպված էր մատակարարել Հայաստանին, պատերազմն անհեռանկար են դարձրել: Բացի այդ, Արեւմուտքն ու Իրանը կտրականապես մերժում են ռազմական ճանապարհը:

Մնում է համագործակցության վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի ստորագրությունը: Հնարավոր է, դա թույլ կտա բացել հաղորդակցության ուղիները եւ բարձրացնել Հայաստանի եւ Ադրբեջանի դերը:

Իլհամ Ալիեւը երկար տարիներ զարկ է տվել միլիտարիզմին՝ փորձելով ամրացնել իր իշխանության հիմքերը: Վերջին սահմանադրական հանրաքվեից հետո այդ հիմքերն այնքան են ամրացել, որ նա, վերջապես, կարող է թույլ տալ իրեն հրաժարել միլիտարիստական մաքսիմալիզմից:

Ալիեւի հայտարարությունը դիրքորոշման փոփոխության նախերգանքն է:

Ամենաընթերցվածը