Տիգրան Սարգսյանի մեծ դերը կառավարությունում

    • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 15:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս ընդունելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն կոչվող միավորման պետքարտուղարին, դժգոհել էր Եվրասիական տնտեսական միությունից, ասելով, թե Ռուսաստանի իշխանության պահվածքն արդեն հոգնեցրել է, պայմանավորվածությունները չեն կատարվում, ինտեգրացիան արդյունավետ չէ:

Այն, որ Լուկաշենկոն պարբերաբար այդօրինակ հարաբերությունների եւ հաշիվների պարզաբանման կամ պարզապես «ռազբորկայի» մեջ է մտնում ՌԴ իշխանության հետ, փորձելով կորզել հերթական ֆինանսական ներարկումները, կամ նաեւ որոշակի խաղ խաղալ Արեւմուտքի հետ, նորություն չէ:

Այդ իմաստով, Լուկաշենկոն թերեւս անում է հերթական փորձը: Բայց այդ մակարդակում տեղի ունեցող զարգացումներն իհարկե թե շարժառիթների, թե հնարավոր հետեւանքների կամ ազդեցության մասով ամենեւին չեն լինում միագիծ եւ տարածվում են տարբեր ուղղություններով:

Տվյալ պարագայում, Լուկաշենկոն փաստորեն դժգոհում է ԵՏՄ-ից, դժգոհում է ինտեգրացիայի մակարդակից, դժգոհում է պայմանավորվածությունները չկատարելուց: Տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ է այդ դժգոհությունը տարածվել ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ԵՏՄ փաստացի վարչապետ, կամ ինչպես ՌԴ վարչապետ Մեդվեդեւն էր բնորոշել՝ «մեծ ղեկավար» Տիգրան Սարգսյանի վրա:

Փետրվարի 1-ին ստանձնելով ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ ռոտացիոն կարգով դրա իրավունքը Հայաստանին անցնելուց հետո, Տիգրան Սարգսյանը իր գործունեությունը սկսեց ԵՏՄ ղեկավարներին հանդիպելով, այդ թվում նաեւ Լուկաշենկոյին:

«Մենք հետդարձի ճանապարհ չունենք: Մենք պետք է կատարելագործենք Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծենք ԵՄ-ից ոչ պակաս միություն: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց աչքին կերևանք որպես դատարկախոսներ», հայտարարել էր Լուկաշենկոն, ավելացնելով, թե պետք է շատ ջանք գործադրեն թե պետությունների ղեկավարները, թե ԵՏՄ հանձնաժողովի նախագահը, կառույցը զարգացնելու համար:

Մի քանի ամիս անց Լուկաշենկոն փաստացի դժգոհություն է հայտնում կառույցից, հայտարարելով, թե կվերանայեն իրենց մասնակցությունը ինտեգրացիոն նախագծերին, այդ թվում ԵՏՄ-ին, եթե շարունակվի անարդյունավետությունը:

Ինչքանո՞վ է Բելառուսի նախագահի դժգոհությունն առնչվում նաեւ ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի գործունեությանը: Այն, որ առնչվում է, կասկած չկա, եթե անգամ Լուկաշենկոյի գլխավոր մոտիվն ու խնդիրը զուտ Ռուսաստանի եւ Պուտինի հետ է: Ի վերջո, չի բացառվում, որ այդ ամենի «զոհ» դառնա հենց Տիգրան Սարգսյանը, երբ Պուտինն ու Լուկաշենկոն կպայմանավորվեն եւ սլաքները կուղղեն Հայաստանի դեմ, ինչպես արդեն «բարի ավանդույթ» է դարձել ԵՏՄ շրջանակում. եղել են մի քանի այդպիսի դեպքեր Ռուսաստան-Ղազախստան ձեւաչափով: Դե իսկ Հայաստանի հանդեպ Լուկաշենկոյի վերաբերմունքը լիովին բացահայտվեց ապրիլի պատերազմի օրերին:

Առավել եւս, որ հոկտեմբերից Հայաստանի ներկայացուցիչն է լինելու նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ բացառված չէ, որ Հայաստանին շատ համարեն երկու «մեծ ղեկավար» ունենալը, եւ տալով ՀԱՊԿ-ը, հետ վերցնեն ԵՏՄ-ն:

Իհարկե այդ դեպքում բավականին հետաքրքիր կլինի, եթե Տիգրան Սարգսյանը վերադառնա Երեւան: Ի դեպ, նա կարող է լինել Կարեն Կարապետյանի խորհրդական, ընդ որում ամենաարժեքավոր խորհրդականը, քանի որ Սարգսյանից լավ որեւէ մեկը չի կարող Կարապետյանին ներկայացնել հնարավոր հարվածների բոլոր ուղղությունները: Այդ իմաստով նա նույնիսկ ոչ թե խորհրդական, այլ «մարգարե» կարող է լինել նոր վարչապետի համար: