Լավրովը եւ Քերին չկարողացան համաձայնության գալ Սիրիայում հրադադարի վերականգնման շուրջ

  • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 11:17
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը  չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի վերականգնման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք չենք կարող դուրս գալ ու ասել ամբողջ աշխարհին, որ մենք համաձայնության ենք եկել, եթե դա այդպես չէ»,- Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը մեջբերել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ բարձրաստիճան դիվանագետներ ԵՄ-ից ու Մերձավոր Արեւելքից:

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան Նյու Յորքում կայացած բանակցությունները բնութագրել է որպես «երկարատեւ, հիվանդագին ու հիասթափեցնող»: Նրա խոսքով՝ առաջիկա ժամերն ու օրերը խիստ կարեւոր կլինեն խաղաղ գործընթացի համար:

Քերին ասել է, թե վստահության վերականգնման համար անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր օդում շարունակում են մարտական գործողությունները, դադարեն այդ անել: Լավրովը հայտարարել է, որ ընդդիմությունը նույնպես պետք Է դադարեցնի ռազմական գործողությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: