Տոկիոն հորդորել է Թեհրանին՝ դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ շփումները

  • Քաղաքականություն - 22 Սեպտեմբերի 2016, 14:38

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հորդորել է Թեհրանին՝ դադարեցնել ռազմական շփումները ԿԺԴՀ-ի հետ եւ նրանից սպառազինություններ գնելը: Նա այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Հյուսիսային Կորեային՝ ուղղված, մասնավորապես, նրա միջուկային ծրագրի վերացմանը»,-հեռուստաալիքը մեջբերում է վարչապետի խոսքը:

Իրանի նախագահը, ինչպես նշվում է, հստակ պատասխան չի տվել Ճապոնիայի կոչին: Սակայն նա ասել Է, որ «զանգվածային ոչնչացման զենքի մշակումն աշխարհի շրջաններից եւ ոչ մեկում ավանդ չի ներդնում կայունության ապահովման գործում»: 

Ճապոնական եւ արեւմտյան մամուլը քանիցս պնդել Է, որ Թեհրանը սերտ ռազմական շփումներ է պահպանում Փենյանի հետ եւ իբր ԿԺԴՀ-ից բազմաթիվ կարեւոր տեխնոլոգիաներ Է ստացել սեփական բալիստիկ հրթիռների մշակման համար: Տոկիոյում կասկածներ կան, որ այդ արտահանումն արժույթի կարեւոր աղբյուր է ծառայում Փենյանի համար եւ օգտագործվում է նրա սեփական հրթիռամիջուկային ծրագրերի զարգացման համար:

Նյու Յորքում կայացած հանդիպմանը Իրանի եւ Ճապոնիայի ղեկավարները հանդես են եկել երկու երկրների միջեւ տնտեսական շփումների ակտիվացման օգտին: Նախագահ Ռոուհանին, մասնավորապես, վարչապետ Աբեին հրավիրել է առաջիկայում այց կատարել Թեհրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: