Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ է ստացել

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 18:05
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել է ավելի քան 30 տարի առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել Է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:

«Ինձ համար մեծ պատիվ է բարձր կոչման արժանանալ հարազատ համալսարանում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,-ասել է Տիգրան Սարգսյանը պարգեւատրումից հետո:

«Որպես տնտեսագետ, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն Է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն է Եվրամիությունից հետո»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային միավորումների ձեւավորումը դարձել Է համաշխարհային տնտեսության կարեւորագույն թրենդներից մեկը, որն ակտիվորեն թափ Է առնում:

Իգոր Մաքսիմցեւը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին ելույթի համար եւ խնդրել է հիշատակի գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: