ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սահմանել են Հայաստանի դերը

    • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 17:45
Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համաշխարհայի տերությունների ղեկավարներից շնորհավորանքներ են ստացվել, որոնցում բարի ցանկություններից բացի կարելի է մեծ քաղաքականություն տեսնել, ինչպես նաեւ այն, թե ինչպես են տերությունները տեսնում Հայաստանի դերը:

Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում խոսվում է բացառապես Հայաստանի «դաշնակցային գոյության» մասին: Պուտինը կարծես ակնարկում է, որ Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ ինտեգրման մեջ է: «Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը», նշված է Պուտինի ուղերձում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, նշում է, որ ԱՄՆ համար կարեւոր է ուժեղ Հայաստանը: «Ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար», - նշված է նրա ուղերձում:

Բացի այդ, Օբաման խոսում է միջազգային քաղաքականությունում Հայաստանի դերի մասին. «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձը նման է գործնական առաջարկի. «Թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում: Ֆրանսիան, փաստացի, փորձում է միջազգային քաղաքականությունում «օպերատորի» դեր ստանձնել, որտեղ «ծրագիրը» ուրիշներն են գրում:

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն էլ Հայաստանին առաջարկում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը զուգահեռ շարունակել քաղաքական ու տնտեսական մերձեցումը Եվրամիության հետ: Գաուկն ասում է, որ Գերմանիան Հայաստանին գործընկերային աջակցություն ցույց կտա: