Իվանիշվիլին բարձրաձայնել է Ջավախքի խնդիրը

    • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 16:50
Վրաստանի խորհրդարանի ընտրության քարոզչության շրջանակում Ջավախք այցելած Վրացական երազանք իշխող կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Ախալցխայում հանդիպմանը, պատասխանելով Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու մասին հարցին, հայտարարել է, որ Ջավախքում խնդիրը հայերենը չէ՝ ոչ ոք տեղի հայությանը չի պարտադրում հրաժարվել հայերենից, այլ խնդիրը հայության վրացերենին չտիրապետելն է, ինչը խանգարում է վրացական կյանքին ինտեգրվելուն:

Իվանիշվիլիի վերաբերմունքն իհարկե դժվար է արժանացնել միարժեք գնահատականի: Այն, որ Վրաստանի գործնականում ցանկացած իշխանություն Ջավախքի հարցում լինելու է շատ զգույշ, երբ խոսքը վերաբերում է հայությանը կամ հայկական գործոնին ընդառաջելուն, թերեւս աներկբա է: Երբ Սահակաշվիլիից հետո Իվանիշվիլին նոր էր եկել իշխանության, թե Ջավախքի հայության, թե Հայաստանում ջավախքահայության ներկայացուցիչների մոտ կար լավատեսություն, որ ի տարբերություն Սահակաշվիլիի կոշտ մոտեցումների, Վրացական երազանքը ավելի փափուկ ուժ է, գործընկերային հեռանկարով:

Կյանքը ցույց տվեց, որ սկզբունքորեն տարբերությունը մեծ չէ, թեեւ կոշտ միջադեպեր կարծես թե տեղի չունեցան Թբիլիսիի եւ ջավախքահայության միջեւ: Ավելին, օրեր առաջ ջավախքահայերի երկու ներկայացուցիչներ էին ընտրության համար միմյանց հետ կռվել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիի առաջ, որը խորհուրդ էր տվել հարգել միմյանց, որ մյուսների հարգանքին էլ արժանանան:

Դա բավական խորքային ենթատեքստ ունեցող միջադեպ էր, որի անուղղակի շարունակությունն է նաեւ Իվանիշվիլիի արտահայտությունը: Իհարկե, միշտ էլ հնարավոր է պահանջ ներկայացնել Թբիլիսիին, Ջավախքի տաբեր խնդիրների մասով: Իհարկե, ակնհայտ է, որ Ջավախքը հայ-վրացական հարաբերության բազմաբնույթ եւ բազմաշերտ իրողության մեջ առկա բարդ թնջուկներից է, որը մի կողմից հայ-վրացական հարաբերության կամուրջ է, մյուս կողմից բավական պայթյունավտանգ կամուրջ: Առավել եւս, որ ակնհայտ է Վրաստանի իշխանության տագնապը նաեւ այն իմաստով, որ Ջավախքը կարող է օգտագործել Ռուսաստանը՝ Վրաստանն ապակայունացնելու համար:

Ակնհայտ է, որ այստեղ խնդիր եւ ռիսկ կա նաեւ Հայաստանի համար: Այդ իմաստով, Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին տարիներ շարունակ բարեբախտաբար հաջողվել է թույլ չտալ որեւէ սադրանք եւ բռնկում, ով էլ լիներ իշխանությունը թե Հայաստանում, թե Վրաստանում:

Սակայն անկասկած է, որ նաեւ անհրաժեշտ է իրավիճակի որոշակի փոփոխություն պայթյունավտանգությունն էապես նվազեցնելու, խնդիրը որակապես փոխելու համար, ինչը ունի թե հայ-վրացական, թե տարածաշրջանային, թե միջազգային կարեւոր նշանակություն:

Դրա համար Ջավախքի հայությունը պետք է դառնա գործոն, բայց իբրեւ սուբյեկտ, ոչ թե իբրեւ օբյեկտ: Իվանիշվիլին մեծ հաշվով խոսում է սուբյեկտության հեռանկարի մասին եւ փաստացի անում առաջարկ, որն իհարկե իր տրամաբանության իմաստով նոր չէ: Ակնհայտ է, որ Ջավախքի հայությունը կարիք ունի չգետտոյանալ վրացական կյանքում, այլ ինտեգրվել այդ կյանքին եւ դառնալ դրանում սուբյեկտ հանդիսացող գործոն:

Առավել եւս, որ Վրաստանը ներկայում գտնվում է չափազանց կարեւոր պատմա-քաղաքական հանգրվանում՝ եվրատլանտյան ինտեգրացիայի համատեքստում, եւ այս առումով Ջավախքի հայության ինտեգրացիան կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի հայ բնակչության սուբյեկտության, այլ նաեւ Հայաստանի անվտանգության եւ զարգացման հեռանկարի տեսանկյունից:

Այդ տեսանկյունից, Իվանիշվիլին բարձրաձայնում է մի խնդիր, որն իր առաջ ջավախքահայությունը պետք է ինքը դրած լիներ վաղուց, ընդ որում հստակ հասարակական-քաղաքական կոնցեպցիայի շրջանակում:

Ավելին, գուցե տարօրինակ հնչի, սակայն Վրաստանի հայկական համայնքի եւ մասնավորապես ջավախքահայության գործընկեր, վրացական խաղի կանոնների շրջանակում կանխատեսելի, ադեկվատ սուբյեկտությունը, որքան էլ այդ երկրում կան որոշակի ազգայնական տրամադրություններ, այդ թվում հայության հանդեպ, խոշոր հաշվով կենսականորեն անհրաժեշտ բան է նաեւ Թբիլիսիի համար, որը ունի թուրք-ադրբեջանական հարաճուն գործոնը զսպելու խնդիր եւ այդ գործում հայությանը չի կարող չդիտարկել կարեւոր դաշնակից ու գործընկեր: