Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 16:09
Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։