Նախագահականի ուշագրավ դասավորությունը

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 15:31
Անկախության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից ստացել է բազմաթիվ շնորհավորական ուղերձներ:

Նախագահի պաշտոնական կայքում ամբողջությամբ տեղադրված է 7 ուղերձ: Ուշագրավ է այդ ուղերձների ընտրությունը եւ հերթականությունը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, ԼՂՀ, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա:

Արդյոք պատահականություն է, թե այդպիսով պաշտոնական Երեւանը ցույց է տալիս իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ նշում գործընկերների «առաջին շրջանը»: Կամ, այլ կերպ ասած, Երեւանն Անկախության 25-ամյակին իր համար սահմանել է յուրատեսակ «մեծ յոթնյակը»:

Այս երկրներն անկասկած Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական կարեւորագույն գործընկերներն են, որոնցից 3-ը՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիա, նաեւ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ Գերմանիան՝ ԵՄ առաջատար երկիրն ու ԵԱՀԿ գործող նախագահը:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան թույլ չեն տվել Հայաստանի տնտեսա-քաղաքական կոլապսը եւ մշտապես Հայաստանին մատնացույց են անում ինքնիշխանության կարեւորությունը: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ներկայում «փակել» են ադրբեջանական նավթային քաղաքականությունը եւ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական զինված ուժերի հանդեպ:

Չինաստանը կառուցում է իր տնտեսական «կայսրությունը» եւ Հայաստանի հետ կնքել է բազմաթիվ համաձայնագրեր, որոնք առայժմ չեն իրագործվում: Չինաստանը նախքան ռուսական զենքի վերջին շրջանի մատակարարումները մի քանի ժամանակակից համալիրներ էր մատակարարել Հայաստանին, ինչն անգնահատելի նշանակություն ուներ այդ ժամանակահատվածում:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ին, Հայաստանը դեռ չի կատարել իր խոստումը՝ ռազմա-քաղաքական փոխօգնության պայմանագրի կնքումը: ԼՂՀ-ն վճռորոշ գործոն է Հայաստանի միջազգային քաղաքականության մեջ: Ընդհանրապես, Ղարաբաղը պետականաստեղծ գործառույթ ունի հայոց պատմության մեջ, ընդ որում՝ մի քանի դար շարունակ:

Թերեւս այս իրողության գիտակցումով Բակո Սահակյանն իր ուղերձում հույս է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով»: