Հայաստանը կստանա ԵՄ աջակցության նոր ծրագրեր

  • Քաղաքականություն - 20 Սեպտեմբերի 2016, 18:39

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, կստանան ԵՄ աջակցության նոր ծրագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնի կայքը, ծրագրերն ուղղված կլինեն երիտասարդության, փոքր և միջին բիզնեսի, ծովային անվտանգության ապահովման, Արևելյան գործընկերության անդամ երկրների սահմանների կառավարման հարցերի աջակցությանը:

«Տնտեսական զարգացումը խթանելն Արևելյան գործընկերության գերակայություններից մեկն է: Այս նոր ֆինանսավորումը կամրապնդի մեր գործընկերների ճկունությունը և աջակցություն կլինի կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, որոնք կհանգեցնեն նոր աճի և նոր աշխատատեղերի ստեղծման»,- ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը՝ հայտարարելով նոր փաթեթի մեկնարկի մասին:

Տարածաշրջանային համագործակցության 5 նոր ծրագրերը կտարածվեն առաջնահերթ հետևյալ ոլորտների վրա.

The EU4Youth ծրագիրը միտված կլինի տարբեր միջոցառումների շնորհիվ երիտասարդների աջակցությանը, այդ թվում, կարողությունների զարգացման, կրթաթոշակների տրամադրման, տարածքներում ակտիվ երիտասարդական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման ճանապարհով:

Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների աջակցության ծրագրի նպատակն է լինելու օգնել փոքր և միջին ձեռնարկություններին մուտք գործել նոր շուկաներ և խթանել տնտեսական զարգացումը:

«Ծովային անվտանգության» ծրագրով Կասպից և Սև ծովերից տարածաշրջաններում գործընկեր երկրներին աջակցություն կտրամադրվի ծովային անվտանգության համապատասխան միջազգային օրենսդրության նորմերի իրականացման, ծովային տրանսպորտի անվտանգության ապահովման համար:

Հաջորդ ծրագրով Բելառուս-Ուկրաինա սահմանին կտեղադրվեն ավտոմատացված տեսանկարահանող համակարգեր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանային պատշաճ վերահսկողություն իրականացնելու ժամանակը, կմեծացնի երկրների կարողությունները սահմանային խախտումները կանխելու և դրանց դեմ պայքարելու հարցում: