Իրանը «բացվում» է Հայաստանի համար

    • Քաղաքականություն - 19 Սեպտեմբերի 2016, 12:41
Սեպտեմբերի 18-ին Թեհրանում Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել: Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը: Քննարկվել են քաղաքական եւ տնտեսական համագործակցության հարցերը:

Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի համար ներկայում առաջնահերթություն է ոչ թե Ղարաբաղը, այլ Իրանի հետ հարաբերությունները: Եթե հաջողվի մտնել Իրանի բացման գործընթաց, դրանում տեղ գտնել, ապա մեզ այլ կերպ կսկսեն նայել՝ Չինաստանից մինչեւ ԱՄՆ, Ռուսաստան եւ Եվրամիություն, կարծում է փորձագետը: Նա նշում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր գործառույթը պետք է դառնա Իրանի հետ հարաբերությունների հաստատումը:

Ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովն այն կարծիքին է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի պատճառներից մեկն է: Նա նշում է, որ հայերը ցանկանում են Ռուսաստանից «թույլտվություն» ստանալ գազ գնելու Իրանից եւ Իրանից ապրանքները փոխադրել Եվրոպա: Ռուսաստանի կողմից հայ-իրանական հարաբերությունների խոչընդոտումը, նրա կարծիքով, կարող է Ռուսաստանի համար Կովկասում «անդառնալի հետեւանքներ» ունենալ:

Մոսկվայում հավանաբար հասկանում են, որ հիմա ավելի ձեռնտու է մի փոքր «բացել» Հայաստանը, հատկապես Իրանի համար, քան 100 % հակահայկական տրամադրություններ ստանալ եւ կորցնել տարածաշրջանը: Առավել եւս, որ Մոսկվայի համար շատ դժվար է զսպել հայ-իրանական համագործակցության զարգացումը, որի համար կողմերը եվրասիական պատում սողանցքեր են փնտրում:

Ահա թե ինչու չի բացառվում, որ Կարեն Կարապետյանին, ով եղել է Գազպրոմի թոփ մենեջեր, որոշակի քարտ բլանշ է տրվել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Պատահական չէ, որ վարչապետի առաջին հանձնարարականը գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին էր: Ինչպես հայտնի է, Հայաստանը գազի մեծ մասը ստանում է Ռուսաստանից, սակայն վերջին ժամանակներս նկատվում է մատակարարումների աճ Իրանից: Ավելին, իրականացվել է իրանական գազի առաջին տրանզիտը դեպի Վրաստան:

Հնարավոր է, Իրանի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերություններ «թույլ տալու» քաղաքական որոշում է կայացվել: Դատելով փաստերից՝ Ռուսաստանն արդեն երեք մեծ բոնուս է ստացել՝ վարչապետ է նշանակվել նախկին «գազպրոմցի», Հայաստանի տարածքում տեղակայվել են «Իսկանդեր» տակտիկական համալիրներ, Սերժ Սարգսյանը համաձայնվել է «քննարկել» Հայաստանի եւ սփյուռքի մասնակցությունը Ռուսաստանի գործողություններին Սիրիայում: Այդպիսի բոնուսների դիմաց կարելի է թույլ տալ, որ Իրանն ու Հայաստանն առեւտուր անեն, դրա հետ միասին Հայաստանում նվազեն գազի գինը եւ հակառուսական տրամադրությունները: