Վրացական դասերը, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն

    • Հայաստան-ՆԱՏՕ - 25 Հունիսի 2012, 15:32

Վերջերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում, առիթ ունեցա այցելել Բրյուսել ՝ ՆԱՏՕ-ի գրասենյակ: Կարճատև այցի ընթացքում հայաստանյան խումբը, որի մեջ լրագրողներ, քաղաքագետներ, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ ու Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ առնչվող այլ անձինք էին, հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ-ի տարբեր դիվանագետների հետ: Ավելի ինտենսիվ էին շփումները հատկապես տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատուների հետ: Բավական կարճ ժամանակում արագ կազմակերպված ու ոչ պաշտոնական մակարդակի քննարկումները իհարկե դժվար է բերել միանշանական եզրակացությունների մակարդակ: Բայց ընդհանուր տպավորությունների ու դիտարկումների ֆոնին կարելի է առանձնացնել մի քանի հիմնական բան, որ ասվում էր ենթատեքստով ու տողատակերով. դրանցից մեկը Հայատսան-ՆԱՏՕ հարաբերություններում վրացական գործոնի անընդհատ, ուղղակի ու անուղղակի շեշտումն էր:

Վրաստանը ՆԱՏՕ-ին ներգրավվելու մեծ ջանքեր է գործադրում, բայց ՆԱՏՕ-ն դեռևս հապաղում է այդ հարցում վերջնական քայլ անել, չնայած Վրաստանի անդամագրման հարցը միշտ օրակարգում է պահվում: Խնդիրը հավանաբար Վրաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրներն են, ու վրաց-ռուսական պատերազմից հետո տարածքային այն վեճերը, որոնք լուծում չեն ստացել:

Ու չնայած Վրաստանի վերջնական անդամագրման հետ կապված ֆորմալ դժվարություններին, որոնք ընդ որում բավական շատ են, ամեն դեպքում պարզ է վրացական կողմի հանդեպ դրական վերաբերմունքը, ու Վրաստան-ՆԱՏՕ ակտիվ շփումները, որի արդյունքում Վրաստանն առնվազն անում է մի կարևոր քայլ՝ միջազգային քաղաքականության գլխավոր սուբյեկտներից մեկի հետ ընդլայնում է փոխճանաչելիությունը:

Իհարկե, այդ ամենի հիմքը հենց ՆԱՏՕ մտնելու Վրաստանի պատրաստակամությունն է, բայց կա ևս մեկ հանգամանք: ՆԱՏՕ-ում անընդհատ շեշտվում է այն հանգամանքը, որ Հայաստանն ունի հարևան, որի համբավն ավելի մեծ է, որին ավելի մեծ երաշխիքներ են տրվելու, որի անդամագրման դեպքում ամեն ինչ լավ է լինելու:

Բնականաբար, եվրոպական դիվանագիտական մշակույթն այդ ամենը չէր կարող անել ուղիղ տեքստի մակարդակով, կամ գոնե պաշտոնական մակարդակում, բայց հաշվի առնելով քննարկումների ոչ պաշտոնական կարգավիճակը, նման ուղերձներ Հայաստան ուղարկելը հնարավոր է թվում:

Հետաքրքիր է , որ Վրաստան ՆԱՏՕ հարաբերություններն ամեն դեպքում չեն կարողանում հասնել վերջնական հանգրվանին, բայց վրացական փաստարկը ցանկացած հարմար առիթով պատրաստ է կիրառվել: Վրաստանը խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հիմնական մրցակից Ռուսաստանի հետ, Վրաստանը ունի բանակի զորեղության խնդիրներ: Ըստ էության, վրացական երաշխիքները պատրաստակամությունից բացի այլ տեղ չեն գնում: Հայաստանը փաստորեն ավելի մեծ երաշխիքներ ունի ՆԱՏՕ-ին տալու, բայց Հայաստանն էլ պաշտոնական դիքրորոշմամբ չի ցանկանում ՆԱՏՕ-ին անդամագրվել: Ուրեմն ինչ է նշանակում հանգամանքը, որ վրացական գործոնն օգտագործվում է Հայաստանին ինչ որ բաներ հասկացնելու համար:

Խնդիրը թերևս նաև քաղաքակրթական կոնցեպտի շրջանակներում է: Վրացական օրինակը Արևմուտքի համար Կովկասի արևմտականացման առաջին փորձն է, կամ գոնե այդ փորձի իմիտացիան: Ու այդ առումով, Վրաստանի տված երաշխիքներն էլ պտտվում են ավելի շատ ոչ թե կոնկրետ քաղաքական ինստիտուտների ու առաջարկների, այլ քաղաքակրթական հեռանկարի շրջանակներում:

Այս շրջանակը շատ հստակ ուրվագծվում է վրացական ներքին ռազմավարության մեջ, ու ընդ որում հենց այստեղ է Հայաստանի ու Վրաստանի հիմնական տարբերությունը: Հայաստանը կանխատեսելի է, ու համեմատության մեջ ունի կայուն բանակ, կայուն ու կարգավորված քաղաքական հարաբերություններ, բայց չունի քաղաքակրթական հեռանկարի ձևակերպում, ու ըստ այդմ կառուցվող սոցիալական քաղաքականություն: Վրաստանն ունի վերջին երկուսը, բայց կաղում է քաղաքական ինստիտուցիաների ու տարածաշրջանային կայունության առումով:

Հետաքրքրական է նաև, որ հայաստանյան գործոնն էլ օգտագործվում է վրացական կողմին հասկացնելու համար, որ քաղաքական երաշխիքների առումով տարածաշրջանում կա ավելի լավ գործընկեր: Խնդիրը Հայաստան-Վրաստան մրցակցությունը չէ, այլ այն, թե ինչ դասեր կարելի է քաղել Վրաստանի միջոցով մեզ՝ Հայաստանին «հասկացնող» ուղերձներից:

Ընդ որում, այս դասերը միայն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը չեն վերաբերում: Մանավանդ որ մոտ ապագայում Հայաստանը ՆԱՏՕ-ին չի անդամագրվելու, ու մնալու է գործընկերոջ կարգավիճակում: Վրացական դասերից կարելի է քաղել մի քանի հիմնական կետ, որոնք նաև ուղերձներ են, որ անընդհատ արվում են Հայաստանին:

Հայաստանը խնդիր ունի ձևակերպելու իր քաղաքակրթական հեռանկարը, որովհետև ինչքան էլ հարցերը քննարկվեն ռեալ քաղաքականության մակարդակում, ու հենց այդ մակարդակում էլ ձևակերպվեն, ամեն դեպքում «յուրային» լինելն ավելի է օգնում վստահելի փոխգործակցությանը: Արևմուտքը սպասում է այդ քաղաքակրթական հեռանկարի ձևակերպմանը ու սպասում է ոչ թե քաղաքացիական հասարակությունից, որն առանց այդ էլ աևմտամետ արժեհամակարգի կրողն է: Արևմուտքը հստակ քաղաքակրթական դիրքորոշման սպասում է քաղաքական իսթեբլիշմենթից:

Քաղաքական տեքստերը Հայաստանում հենվում են ավելի շատ հենց «կանխիկ» քաղաքական շահերի վրա, գրեթե չքննարկելով նույն քաղաքակրթական հեռանկարը: Նույն վրացական օրինակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ստանդարտները երկակի են ու նույնիսկ ավելի շատ, ու նույնիսկ անդամագրման պատրաստակամությունը բավարար չէ վերջնական անդամագրման համար: Այսինքն, մեծ հաշվով, ֆորմալ ձևակերպումներն այնքան կարևոր չեն, ինչքան ընթացքն ու գործողությունները: Այս առումով, Հայաստանը խնդիրը կարող է դիտարկել ոչ միայն անդամագրվել-չանդամագրվելու կոնտեքստում, այլև՝ ինտենսիվ-ոչ ինտենսիվ համագործակցության կոնտեքստում, որի համար անդամ լինելը պարտադիր չէ, չհաշված որոշակի ֆորմալ պրոցեդուրաները: