Հայաստան-ՆԱՏՕ. խաղի նոր կանոններ

    • Հայաստան-ՆԱՏՕ - Հինգշաբթի, 31 Մայիսի 2012, 17:34

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մի քանի նոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ընդհանրապես Հայաստանի քաղաքական ապագայի համար: Փոփոխությունների հիմնական պատճառը կայացած խորհրդարանական ընտրություններն են:

Խնդիրը նախևառաջ վերաբերում է ԲՀԿ-ին: Բարգավաճի մեծամասնականով առաջադրված թեկնածուներից շատերը դժվար էլ երբեք ենթադրեին, որ երբևէ լինելու են ընդդիմություն: Նրանցից շատերը, ովքեր հաղթեցին իրենց ընտրատարածքներում, այդպես էլ չեն կարողանալու հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ իրենց կուսակցությունը չմտավ կոալիցիա: Առավել պարզ՝ իշխանության ու տնտեսական ռեսուրսի շուրջ համախմբված ԲՀԿ-ն հրաժարվեց իշխանությունից ու փողից: Ընդ որում, հետաքրքրական է, որ չնայած ԲՀԿ ընդդիմադիր կոչերին, ՀՀԿ-ն ամեն դեպքում փորձում էր վերջինիս համոզել մտնել կոալիցիա: Այդպիսով կլեգիտիմանար ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն էլ կշարունակեր խաղալ առաջվա խաղը:

Ներքին գերեթե բոլոր նախապայմանները, այսինքն ՝ ՀՀԿ-ԲՀԿ միջանձնային ու կուսակցական մտերմությունները, նախագահի ու Գագիկ Ծառուկյանի անձնական ու քաղաքական լավ հարաբերությունները, ու նախորդ տարիների աշխատանքային փորձը շանս էր տալիս, որպեսզի ԲՀԿ-ն մտնի կոալիցիա: Կարող է թվալ, որ ամեն ինչ իդեալական է, Հայաստանում կա ուժ, որ գործող հիմնական իշխանությանը կարող է գրեթե ամբողջ կազմով այլընտրանք ներկայացնել, ավելին՝ օրենսդրում երկրորդ տեղը լինելով:

Բայց այս դեպքում, երբ փաստորեն ներքին պայմաններից, ընդ որում գրեթե իդեալական պայմաններից ԲՀԿ-ն հրաժարվում է, նշանակում է կան այլ պայմաններ ՝ արտաքին քաղաքական: Հենց այստեղ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ փոփոխություններ են սպասվում: ԲՀԿ-ն դառնում է այդ փոփոխությունների կատալիզատորը, որի հետևանքով արտաքին դիվանագիտության մեջ ՀՀ-ն պետք է նոր դասավորումներ անի, ստեղծի արտաքին հակակշիռների ու հավասարակշիռների համակարգեր, իսկ ներքին որոշակի կանոններ էլ ընդամենն այդ վերադասավորումների հետևանքով թարմրացվելու են:

Նախ, ԲՀԿ-ն կոնկրետ ռուսամետ ուժ է, այնքան ակնհայտ, որ գրեթե երբեք չի էլ թաքցրել: Ավելին, ԲՀԿ-ն նույնիսկ չի թաքցնում իր բարյացակամ հարաբերությունները Բելոռուսի հետ: Այս պարագայում, եթե ընդունենք այն տեսակետը, որ ԲՀԿ կոալիցիա չմտնելը դրսի, այս դեպքում ՌԴ հրահանգն էր, ուրեմն պարզ է դառնում մի բան, որ Հայաստանում արդեն կա ուժ, որը ռուսական «առաքելությունն» է առաջ տանելու: Ընդ որում, ինչպես օրինակ երկրորդ և ներկա նախագահների օրոք, որոնք երբեմն ուզած չուզած, երբեմն էլ իրենց շահերի դրդմամբ ռուսական իշխանությունների հետ լավ հարաբերություններ են պահպանել, ԲՀԿ-ն նոր երաշխիքներ է ստանում: ՀՀԿ-ն կամ ցանկացած ուժ, նույնիսկ ԲՀԿ-ն որպես իշխանություն կարող են համագործակցել ցանկացած վեկտորի հետ՝ այդ թվում Ռուսաստանի: Ավելին, այդպես եղել է նախորդ կոալիցիոն ձևաչափի շրջանակում: Բայց, երբ ԲՀԿ-ն թեկուզ սիմվոլիկ ստանձնում է ընդդիմության դերը, նրա երաշխիքները հեռանկարի առումով դառնում են ավելի ամուր, նաև ավելի վտանգավոր հետագայում թե իշխանությունը էվոլյուցիոն ճանապարհով վերցնելու, թե ՌԴ վեկտորի ամրապնդմանն ուղղված ամեն ինչ անելու համար:

Այս պարագայում, Հայաստանը ստանում է մի խնդիր՝ հասկանալ, արդյոք իրեն պետք է ընդդիմադիր ուժ, որը ՌԴ հովանու ներքո կփորձի իրավիճակ փոխել: Արդյոք եթե այդպիսի բան տեղի ունենա, ներքին ուժերը, կամ հենց ՀՀԿ-ն ու նախագահը կկարողանան հավասարակշռել ԲՀԿ-ին, թե ներսի, թե դրսի ուժերով:

Խնդիրն այն չէ, որ ԲՀԿ-ն համակրում է ՌԴ-ին: ՀՀ քաղաքական էլիտայում մեծ մասը հենց այդպես են գործում: Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն ՌԴ երաշխիքներով: Այսինքն կառուցողական ընդդիմության միֆն արդեն իսկ բացառվում է, քանի որ դրսի քաղաքականությունը գործիքային միջամտության շանս է ստանում: Հետո, ՀՀ-ն ըստ էության զրկվում է որևէ ընդդիմության շանսից, հաշվի առնելով, որ թե ՀԱԿ-ը, թե Ժառանգությունը սպառել են փողոցի ու լյումպենի ռեսուրսները, իսկ ԲՀԿ-ն ընդդիմություն լինելու հետ լուրջ ներքին դիսկոմֆորտ է ունենալու: Այս առումով, Հայաստանում փաստորեն չկա որևէ կայուն ուժ, ով իրատեսական հեռանկարում կկարողանա արևմտյան շահեր ներկայացնել: Ժառանգությունն ուԱզատ դեմոկրատները դեռևս լռում են, ու շարունակում միավորներ կորցնել, ՀԱԿ-ն էլ ավելի շատ խաղում է ԲՀԿ դաշտում: Պարադոքսալ է, բայց Հայաստանում փաստորեն Հայաստանում արևմտյան շահերը ներկայացնելու է միայն ՀՀԿ-ն կամ նախագահը:

Միջազգային հարաբերություններն Արևմուտքի հետ Հայաստանում հակակշիռների համակարգի ձևակերպման հիմնական փրկօղակն են դառնում: Չնայած այդ փրկօղակի հանդեպ ՀՀ վերաբերմունքը միշտ կաշկանդվել է ռուսական ուժերի կողմից:
ՆԱՏՕ-ն ու ամբողջ արևմուտքը ևս հասկանում է, որ Հայաստանը երբեմն պետք է լսի ՌԴ-ին, թեկուզ նախագահի մակարդակով և երբեմն սիմվոլիկ հակաարևմտականություն ցուցաբերի: Ուստի Հայաստանում արևտմամետ ուժերի՝ քաղաքական, հասարակական, ինչպես նաև ՀՀԿ-ի խնդիրը Հայաստանում դառնում է Արևմուտքին մի քանի մեսիջներ ուղարկելը:

Նախ պետք է հստակ փաստերով ապացուցել, որ ՀՀ-ն ունի այնքան ներքին սոցիալական ներուժ, եվրոպական համակարգերին ինտեգրվելու կարողություն, որ չի խուսափում ՆԱՏՕ-ից, եվրոպական այլ կառույցներից, ավելին, ինքն է շահագրիգիռ ու նախաձեռնողական:

Երկրորդ, Հայաստանը նախագահի մակարդակով հայտարարել է արդիականացման մասին, ուստի ենթադրվում է այդ արդիականացումը փնտրել հետսովետական սահմանագծից այն կողմ, եվրոպական ամբիոններում:

Եթե մեծ քաղաքականության մակարդակում Հայաստանը չունի շանսեր արտահայտելու իր համակրանքը ՆԱՏՕ-ի հանդեպ կամ համագործակցության լայնաֆորմատ փաթեթի մեջ ներգրավվել Արևմուտքի հետ, ապա արդեն այսպես ասած «փոքր օղակների» մակարդակում շանսերն ավելի մեծ են, խոսքը մասնավորապես վերաբերվում է կրթական ծրագրերին՝ կապված ՆԱՏՕ-ի ու միջպետական այլ կազմակերպությունների հետ:

ՆԱՏՕ-ի հանդեպ Հայաստանում հասարակական ու քաղաքական ամբողջական պահանջարկի ձևակերպման համար կա մի նրբություն՝ նախագահն ըստ էության հենց ռազմական դիսկուրսի ներկայացուցիչ է: Ընդ որում, վերջինս, ի տարբերություն բարձր սպայակազմի շատ այլ ներկայացուցիչների, աշխատելու այլ մեթոդներ է նախընտրում, այսպես ասած ոչ ռուսական մեթոդներ: Ուստի, թե բանակի արդիականացման առումով, թե քաղաքական հավասարակշիռների ամրապնդման առումով առաջին հերթին նախագահին է ձեռք տալիս ՆԱՏՕ-ի մասին ներքին սոցիալական դիսկուրսների ակտիվացումը: Այլապես միայն ռացիոնալ քաղաքականությունը մոտ ապագայում ենթադրելու է առավելապես միայն ռուսական շահ, հետևաբար խաղի կանոնները պետք է տեղափոխել ռեալ պոլիտիկից դեպի իռացիոնալ մշակութային, լոկալ՝ կրթական, գիտական, քաղաքակրթական դիսկուրսներ: