Թուրքական մամուլը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի լիազորության ժամկետը սպառվում է 2013 թվականին, սակայն նա ծրագրում է մնալ իր պաշտոնին մինչեւ 2014 թվականը: Իսկ այդ ժամանակ էլ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, լրանում է Գյուլի նախագահության ժամկետը, եւ նա մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:
Ըստ ամենայնի, Թուրքիան փորձում է Եվրամիության ուղղությամբ իր որոշակի անհաջողությունները փոխհատուցել ՆԱՏՕ-ում իր դերակատարման բարձրացմամբ, առավել եւս, որ սառը պատերազմի Թուրքիայի միարժեք բարձր նշանակությունը փոխարինվել է պարբերական վայրիվերումներով՝ Թուրքիան մեկ դառնում է ՆԱՏՕ համար կարեւոր անդամ, մեկ մղվում երկրորդական պլան:
Ներկայում, երբ Եվրամիության ուղղությամբ Թուրքիայի ջանքը կարծես թե մտել է փակուղի, Անկարան գուցե մտածում է եվրատլանտյան ուղղությամբ իր հավակնությունները փոխհատուցել ՆԱՏՕ-ի միջոցով:
Ուշագրավ է նաեւ, որ Գյուլի հնարավոր նոր պաշտոնի մասին խոսակցությունը թուրքական մամուլը շրջանառության մեջ է դնում Չիկագոյում ՆԱՏՕ Վեհաժողովի եւ դրա ընթացքում նաեւ Գյուլի եւ Օբամայի միջեւ տեղի ունեցած կարճատեւ հանդիպմանը զուգահեռ:
Մյուս կողմից, Գլխավոր քարտուղարի պաշտոնը Թուրքիային տալը կարող է խրախուսական կամ մխիթարական “մրցանակ” լինել այդ երկրի համար, որին Արեւմուտքը վերջին շրջանում տալիս է պարբերական հիասթափությունների տեղիք:
Այդուհանդերձ, Արեւմուտքին թերեւս հարկ է երկար մտածել, մինչ Թուրքիայի հանդեպ այդօրինակ պատասխանատու ժեստ անելը: Ինչ խոսք, Գլխավոր քարտուղարի ազգությունը ՆԱՏՕ-ում ամենեին չի ենթադրում տվյալ պետության դերի էական կամ վճռորոշ բարձրացում, բայց միեւնույն ժամանակ կա նաեւ հոգեբանական նրբերանգը, որը դժվար է հաշվի չառնել:
Դրա լավագույն օրինակը ԵԽԽՎ-ն էր, որը վերջերս թուրք նախագահ ունեցավ՝ Չավուշօղլուն:
Այդ հանգամանքը ԵԽԽՎ համար անկասկած դարձավ արժեզրկող մի տարր, նկատի ունենալով հարավկովկասյան քաղաքականությունը եւ մասնավորապես Հայաստանի հանդեպ այդ կառույցի վերաբերմունքի որոշ դրվագները: Չավուշօղլուն չկարողացավ լինել ԵԽԽՎ նախագահ, այլ մնաց որպես թուրք գործիչ, որի համար եվրոպական պաշտոնն ընդամենը իր պետության քաղաքականությանն այս կամ այն կերպ, հնարավորինս սպասարկելու միջոց էր:
Իսկ դա էական ազդեցություն թողեց ԵԽԽՎ վարկանիշի վրա:
Հազիվ թե նպատակահարմար կամ ողջախոհ կլինի ՆԱՏՕ-ն ենթարկել այդօրինակ փորձության: Գյուլն իհարկե թուրքական քաղաքական իստեբլիշմենտի եւ իշխող վերնախավի այսպես ասած չափավոր, զուսպ ներկայացուցիչներից է, բայց այդուհանդերձ դժվար է ասել, թե նա իրեն ինչպես կպահի, հայտնվելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Մինչդեռ ՆԱՏՕ-ն շատ ավելի լուրջ կառույց է, քան ԵԽԽՎ-ն, եւ Հարավային Կովկասում էլ ունի շատ ավելի գլոբալ եւ հեռանկարային անելիքներ: Հետեւաբար, այդ կառույցի ԳԽՔ պաշտոնին թուրք գործչի հայտնվելը հազիվ թե նպաստի այդ առաքելության եւ անելիքի լիարժեք կամ հնարավորինս արդյունավետ սպասարկմանը:
Ավելին, ՆԱՏՕ-ն այդպիսով կարող է անհարկի կաշկանդել Հայաստանին, եւ այդ տեսանկյունից տարածաշրջանում ավելորդ հոգեբանական լարում առաջացնել: Հազիվ թե արժե հույս դնել տիկին Գյուլի խոհարարական հմտությունների վրա, նույնիսկ որոնք չկարողացան փրկել հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը տապալումից:
Մինչդեռ Հայաստանին կաշկանդելն ու լարումը կարող են էական վնաս հասցնել հենց ՆԱՏՕ հեռանկարային ծրագրերին եւ առաքելությանը հարավկովկասյան եւ մերձակա տարածաշրջաններում, քանի որ այդ հարցում Հայաստանը գործընկերության համար ամենահարմար պետություն-հարթակն է, որ կարող է տարածաշրջանում առավելագույն արդյունավետությամբ սպասարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմա-քաղաքական որակական պահանջները եւ այդպիսով նպաստել տարածաշրջանում երկկողմ ձեւաչափով ՆԱՏՕ-ի հետ ամենաարդյունավետ փոխշահավետ գործակցության հաստատմանը:
Թե Վրաստանը, թե Ադրբեջանը, տարբեր պատճառներից ելնելով, ի զորու չեն այդ առումով ամբողջական գործակցության փաթեթ ապահովելու հարցում գերազանցել Հայաստանին:
Հետեւաբար, թուրք Գլխավոր քարտուղարի պարագան Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարող է լինել Հարավային Կովկասի կարեւոր ուղղությամբ ժամանակի անհարկի կորուստ, անտեղի արգելակ: Միգուցե ներկայում Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար աշխույժ ծրագրերի եւ ռազմավարական պլանավորման հասցե չէ, բայց մյուս կողմից, կասկած չկա, որ այդ անհրաժեշտությունն ամենեւին սարերի հետեւում չէ: Ըստ այդմ, անհրաժեշտ է, երբ անհրաժեշտությունը դառնա առավել առարկայական, գուցե շատ ափսոս լինեն այն տարիները, որ տարածաշրջանի ուղղությամբ կկորչեն Աբդուլլահ Գյուլի գլխավոր քարտուղար լինելու հետեւանքով:
