Պաշտոնական Երեւանը բավական ուշացումով, այդուհանդերձ բացատրեց, թե ինչու Սերժ Սարգսյանը չի մեկնել Չիկագո, ուր տեղի ունեցավ ՆԱՏՕ հերթական Վեհաժողովը: Այդ բացատրությունը Չիկագոյում հնչեցրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կրկնելով այն, ինչ պատճառաբանությամբ որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Լիսաբոն՝ 2010 թվականի ՆԱՏՕ Վեհաժողովին մասնակցելու համար:
Խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ն իր Վեհաժողովների ամփոփիչ փաստաթղթերում հիշատակելով տարածաշրջանային չլուծված հակամարտությունները, մասնավորապես Ղարաբաղի հակամարտության մասով խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Եվ ահա պաշտոնական Երեւանն արդեն երկրորդ անգամ դժգոհելով, որ ՆԱՏՕ ամփոփիչ փաստաթղթում չկա ինքնորոշման սկզբունքի հիշատակումը, նախագահի մակարդակով բաց է թողնում ՆԱՏՕ Վեհաժողովները:
Անշուշտ, Հայաստանի նախագահի մասնակցել-չմասնակցելը ճակատագրական նշանակություն չի ունենալու Հայաստանի համար: Խնդիրն այստեղ այլ է:
Բանն այն է, որ պաշտոնական Երեւանը կարող է իր դժգոհությունը նախագահի մակարդակով արտահայտել հենց Վեհաժողովի ժամանակ, այդ շրջանակում անելով հայտարարություն կամ ունենալով ճեպազրույց: Այլապես, Երեւանի քայլը ոչ այն է դեմարշ է՝ քանի որ Հայաստանի նախագահի բացակայությունն առանձնապես ցնցող տպավորություն չի թողնում ՆԱՏՕ անդամների վրա, ոչ այն է նեղացկոտություն:
Ավելին, խնդիրն այն է, որ Հայաստանի նախագահը մեր երկրի այդ դժգոհությունն ու դիտողությունը չգիտես ինչու հրապարակավ չի ներկայացնում ՆԱՏՕ Կենտրոնակայան իր այցերի ընթացքում: Օրինակ, թե Լիսաբոնի Վեհաժողովից առաջ, թե Չիկագոյի Վեհաժողովից առաջ Սերժ Սարգսյանն այցելել էր Բրյուսել, հանդիպումներ ունեցել ՆԱՏՕ ղեկավարության հետ: Ու զարմանալի է, որ այդ հանդիպումների եւ ճեպազրույցների ընթացքում նա չփորձեց արտահայտել ՆԱՏՕ Վեհաժողովների այդ եզրափակիչ փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի դիտողությունն ու դժգոհությունը:
Եթե խնդիրը Հայաստանի համար սկզբունքային է, ապա առնվազն տարօրինակ է, որ այն չի հայտնվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության օրակարգում եւ չի դառնում հրապարակային դիվանագիտության հարց:
Ինչի՞ց է խուսափում Երեւանը: Չէ որ երբ հարցը Վեհաժողովից Վեհաժողով ներկայացվում է այդքան սկզբունքային, բայց չի դառնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության հրապարակային քննարկման մաս, այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Երեւանն այն ընդամենը պահում է ՆԱՏՕ վեհաժողովներին չմասնակցելու պատճառաբանություն կամ արդարացում ունենալու համար, երբ ասենք ինչ-ինչ այլ պատճառներով հարկ լինի չմասնակցել Վեհաժողովներին, բայց բուն պատճառի մասին բարձրաձայնելն էլ չլինի հարմար:
