Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

    • Հայաստան-ՆԱՏՕ - Երկուշաբթի, 21 Մայիսի 2012, 11:36

ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից:

Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: Հաշվի առնելով այս մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը: