Մենք պատերազմող բանակ պետք է ունենանք

    • Հայաստան-ՆԱՏՕ - Ուրբաթ, 18 Մայիսի 2012, 11:29

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ զրուցել ենք կինոռեժիսոր, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

Պարոն Խզմալյան, ըստ Ձեզ, արդյոք Հայաստանը պետք է ունենա այնպիսի անվտանգության երաշխավորներ, ինչպիսին ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն են:

Պետք է նկատել, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ն իրենց անդամ երկրներին չեն պաշտպանել և չեն պաշտպանի այն դեպքում, երբ պատերազմները հենց այդ բլոկի պետությունների մեջ լինեն, ինչպես օրինակ` Հայաստան-Ադրբեջան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չի անցնի Հայաստանին պաշտպանելու գործին: Ռուսաստանը, ելնելով իր շահերից և ոչ թե պայմանագրերից, չի օգնի, ինչպես օրինակ, Թուրքիայի և Հունաստանի հերթական բախման ժամանակ ՆԱՏՕ-ն չի օգնի Հունաստանին, քանի որ այդ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: Մյուս կողմից էլ Թուրքիայի` Հայաստանի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն չի օգտնի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է: Բացի այդ, ՆԱՏՕ-ի բանակները շատ յուրահատուկ բանակներ են, իրականում բանակներ չեն, դրանք նախատեսված են ոչ թե պատերազմելու, այլ դիմակայելու, մինչև կգան Միացյալ Նահանգների բանակները: Այսինքն` Միացյալ Նահանգների և Թուրքիայի բանակներից զատ, ՆԱՏՕ-ն այլ բանակներ չունի: Սա շատ խճճված խնդիր է: Իրականում երաշխիքները բոլորովին այլ ոլորտում են, եթե մենք իրական քաղաքականությունից ենք խոսում, մենք պետք է ունենանք ատոմային զենք, և անպայման չէ, որ դա լինի մեր տարածքում: Մեր ենթակայության տակ պետք է լինի ատոմային ռումբ և այլն: Սակայն պատերազմ չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում:

Սակայն ՆԱՏՕ-ն մեր զինված ուժերում բարեփոխումներ է փորձում իրականացնել, բացի այդ, շատ է խոսվում մեր բանակի սովետական լինելու մասին, որ սպայակազմին իրական փոփոխություններ են պետք:

Այո, համաձայն եմ, սակայն մեր բանակը չի կարող լինել նաև ամերիկյան, մեր բանակը պետք է լինի հայկական ազգային բանակ շատ պատճառներով: Օրինակ, մենք որպես բանակ, պատրաստ չենք լինի միասեռականներին ծառայեցնել կամ կանանց ուղարկել առաջին գիծ, թեև, կարծում եմ, մեր չորրորդ հանրապետության բանակում կանայք անպայման ծառայելու են: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի բանակները ոստիկանական ուժեր են, իրենք նախատեսված են ոչ թե պատերազմելու, այլ դիմակայելու` մինչև կգա իրական ամերիկյան բանակը, իսկ մենք պատերազմող բանակ պետք է ունենանք: Այսինքն` մեզ համար ավելի հետաքրքիր են Շվեյցարիայի և Իսրայելի բանակները:

Ինչ վերաբերում է մեր բանակի սպայակազմի փոփոխությանը, ես մի օրինակ կբերեմ, որը վերջերս բնապահպանները բերեցին. իրենք ասացին, որ մոտ 100 միլիոն դոլար եվրոպական տարբեր ատյանները ծախսեցին ոստիկանությանը վերափոխելու համար, մենք դրա արդյունքները տեսանք վերջին անգամ ապրիլի 29-ին, ընդամենը երկու շաբաթ առաջ, այսինքն` այդ փողերը ինչի՞ն ծառայեցին, թողնում եմ ձեր ճաշակին: Նույնը կատարվում է բանակի դեպքում. բանակը կոռումպացված է, բանակը վարչախմբի գործիք է և ոչ թե ժողովրդին պաշտպանելու, և դա նույնպես հիմնական պատճառներից մեկն է` ինչու մենք պետք է օր առաջ տապալենք բռնապետությունը: Այս պայմաններում մեր բանակը մարտունակ չէ, բանակի ոգին կոտրված է, այս զորքն ունակ չէ պաշտպանել երկիրը այն մարտահրավերներից, որոնց առաջ տարիներ շարունակ կանգնած ենք:

Պարոն Խզմալյան, իսկ արժեհամակարգային առումով արդյոք տեսնո՞ւմ եք տարբերություն ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև:

Բանակն ընդհանրապես դեմոկրատական չի կարող լինել, բանակը յուրահատուկ ավտորիտար կառույց է, և դա ապացուցելու համար բավական է նշել, որ ՆԱՏՕ-ի ամենակարգապահ բանակներում` գերմանական, ամերիկյան, նույնպիսի դաժանությամբ վարվում են նորակոչիկների հետ: Այնտեղ նույնպես կան որոշակի կոշտ ավանդույթներ, որոնք բնորոշ են ցանկացած մարդու: Այսպիսի բանակային փակ հասարակություններում, որտեղ կա զենք, որտեղ բռնությունը մենաշնորհված է և օրինականացված, դեմոկրատական բանակի մասին խոսելը լուրջ չէ: Ոչ թե բանակը պետք է լինի դեմոկրատական, այլ երկիրը պետք է լինի դեմոկրատական: Եվ նպատակները, որոնց ծառայում է բանակը, պետք է ծառայեն ժողովրդին, ժողովրդավարությանը: Ես ինձ վրա չեմ վերցնի պատասխանատվություն պնդել, որ Միացյալ Նահանգների բանակը ծառայում է ժողովրդավարությանը, որովհետև Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի օրինակները բոլորի աչքի առաջ են:

Ստացվում է մենք անդամակացության հայտ չպե՞տք է ներկայացնենք ոչ մեկին, մինչդեռ Վրաստանում անդամակցության հայտ են ներկայացրել:

Վրաստանը բարձր գին վճարեց ՆԱՏՕ անդամ դառնալու համար, այդ գինը երկրի ամբողջականության գինն էր: Այն, ինչ կապված է արտաքին հովանավորության հետ, մենք պատրաստ չենք նման գնով հասնել որևէ նպատակի: Բացի այդ, Վրաստանն ինքը փոքր կայսրություն է, որտեղ առ այսօր կան ճնշվող փոքրամասնություններ, և նախևառաջ դա Ջավախքն է: Վրաստանի հետ մեր խնդիրները դեռ լուծված չեն, և այդ առումով Վրաստանը մեզ օրինակ չի կարող ծառայել: ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր երաշխիքները, կրկնում եմ, շատ կասկածելի են, որովհետև ՀԱՊԿ-ի մաս չկազմող Ադրբեջանը հենց ՀԱՊԿ-ից է զենք գնում: Այնպես որ, այս ամենը վերաբերում է ազգային անվտանգությանը, իսկ Ազգային անվտանգությունը չափազանց լուրջ հարց է, որ վստահենք դա որևէ պայմանագրի: Ազգային անվտանգությունը պետք է լինի ազգային, դրա մեջ մտնում են իհարկե միջազգային պայմանագրերը, բայց միայն ածանցյալ, ազգային անվտանգությունը ոչ մի երկիր չի կապում արտաքին հովանավորության հետ: Շվեյցարիայի պես խաղաղ, բարեկեցիկ երկիրն ունի մարդու շնչի վրա ամենամեծ և զինված և ամենալավ բանակը, այնտեղ տարեկան մեկ-երկու ամիս բոլոր տղամարդիկ անցնում են զինվորական պատրաստվածություն, և սա այն օրինակներից մեկն է, որ մենք ուսումնասիրում ենք Հայաստանի ապագա բանակը բարեփոխելու համար: