Հայաստանի խորհրդարանի սոցիալականացված ընտրության հիմնական թեմաների շարքը շրջանցեց բանակի խնդիրները: Թե որքան կարեւոր են այդ խնդիրները, որքան հրատապ են կառուցվածքային, բովանդակային եւ արժեհամակարգային վերափոխումները բանակում, երեւի թե ավելորդ է ասել: Դժբախտաբար, դրա մասին խոսում են բանակից պարբերաբար ստացվող տարաբնույթ ողբերգական տեղեկությունները:
Բայց, Հայաստանի նախընտրական արշավում կարծես թե չծավալվեց բանակի ապագայի, հեռանկարների, բանակի կառավարման տեսլականի վերաբերյալ քաղաքական բանավեճ:
Մինչդեռ, խնդիրն այստեղ կարեւոր է ոչ միայն բանակում զինվորների կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման, այլ ընդհանրապես հայկական պետության տարածաշրջանային դերակատարության եւ կշռի տեսանկյունից:
Աշխարհում ընթանում է պետությունների եւ ժողովուրդների միջեւ նոր փոխհարաբերությունների որոնման աշխույժ գործընթաց: Աշխարհը աստիճանաբար հայտնվում է անցումային մի փուլում, որը ենթադրում է տարբեր այսպես ասած ռիսկային տարածաշրջաններում ռիսկայնության աստիճանի առավել բարձրացում:
Հայաստանը գտնվում է այդպիսի տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ հատկապես համաշխարհային անցման այդ փուլում պետական քաղաքականության մեջ եթե ոչ առաջին շոշափելի պլանում, ապա առաջնային դիրքերում է հայտնվում զինուժի գործոնը՝ թե ինքնին որպես ռիսկային գործոն ցանկացած ներպետական-ներհասարակական կյանքում, թե նաեւ որպես արտաքին ռիսկերը զսպող գործուն մեխանիզմ արտաքին միջավայրում:
Դա չի նշանակում, որ բանակը մոտ ապագայում ստիպված է լինելու պատերազմել: Բայց, նախ դա երբեք բացառված չէ խաղաղության եւ պատերազմի միջեւ, հրադադարի պայմաններում գոյատեւող երկու հայկական պետականությունների համար, եւ դրանից բացի էլ հենց պատերազմի սպառնալիքը հնարավորինս հեռու պահելու համար հայկական զինուժը ունի հնարավորինս արագ արդիականացվելու եւ գեներալակազմից մինչեւ շարքայինը մտածողության, արժեհամակարգի էական վերափոխման, մարդու արժեքը թե ներպետական, թե գլոբալ զարգացումների համատեքստում հնարավորինս ամբողջական եւ լիարժեք գիտակցելու անհրաժեշտություն: Ընդ որում, մարդու արժեք ոչ միայն դիմացինի, այլ նաեւ սեփական անձի իմաստով:
Ավելին, անհրաժեշտություն է դառնում զինուժի հանդեպ հանրային ընկալումներում լուրջ վերափոխումներ արձանագրելու խնդիրը, որը պետք է շարժվի բանակի թափանցիկության եւ բացությանը զուգահեռ: Զինված ուժերը պետք է դառնան հասարակության համար առավել բաց եւ վերահսկելի, միեւնույն ժամանակ հասարակությունը դրանց գոյությունն ու գործունեությունը պետք է սկսի ընկալել առավել առօրեական եւ գործնական, ինչպես օրինակ կընկալի ասենք պետական սոցիալական ծառայությունների գոյությունն ու գործունեությունը:
Այսինքն, հասարակությունը զինված ուժերը պետք է ընկալի պետական մի գործառույթ, որն իր կյանքին առնչվում է ոչ թե հեռու կամ մոտիկ սահմանում, եւ մեկ էլ զորակոչից զորակոչ, այլ ամեն օր եւ ամեն ժամ, իրականացնելով կարեւորագույն պետական եւ հասարակական առաքելություն: Այդ հանրային վերափոխումների արդյունքը պետք է լինի զինվորի հանդեպ, սպայի հանդեպ, ազգային բանակի համազգեստի հանդեպ վերաբերմունքի էական փոփոխությունը՝ պաթետիկ պաշտամունքից դեպի գիտակցված եւ առաքելությունն ըմբռնած հարգանք:
Բանակը պետք է դառնա հանրային կյանքի օրինակելի ինստիտուտներից մեկը, եւ դրանով հանդերձ միեւնույն ժամամանակ լինի նաեւ հանրային համակեցության անցաթղթերից, պետական եւ մասնավոր կարիերայի անցաթղթերից մեկը, ոչ թե լինի հանրային կյանքից մերժվածների ապաստարան, աղքատ եւ անապահով խավի պետական տուրքի մի տարբերակ:
Այդ ամենին Հայաստանն անշուշտ ունակ չէ հասնել միայնակ: Դրա համար Հայաստանին անհրաժեշտ է գործընկեր, որը կարող է լինել զինուժի կառավարման, որակական վերափոխումների, արժեհամակարգային վերանայումների ուսանելի հարթակ: Այդ իմաստով, թերեւս անվիճելի է, որ Հայաստանի թիվ մեկ գործընկերը կարող է լինել Հյուսիսատլանտյան Դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որը ռազմական կառավարման եւ արդիականացման ոլորտում առավելագույն հաջողություններ արձանագրած ռազմաքաղաքական սուբյեկտների միավորում է:
Օրերս, Հայաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա ռազմական հաստատություններում ուսանելու համար կադրերի ընտրության կարգը:
Հայաստանի համար սա ռազմավարական խնդիր է: Հաճախ, երբ խոսք է գնում կոռուպցիայի եւ հովանավորչության մասին, մենք հասկանում ենք, որ այս կամ այն ոլորտում այդ բանն ընդհանրապես զրոյացնելը մոտիկ ապագայի, եւ գուցե նույնիսկ հեռու ապագայի հարց չէ:
Բայց, օտարերկրյա ռազմական հաստատություններում Հայաստանից կադրերի գործուղման պարագան պետք է կոռուպցիայից եւ հովանավորչությունից ազատվի ընդհուպ զրոյական աստիճան: Այդ ոլորտում չպետք է լինի գեթ մեկ մարդ, ով կմեկնի ուսանելու լոկ այն պատճառով, որ իքս գեներալի կամ իգրեք չինովնիկի մերձավորն է, հարազատը կամ ընկերը:
Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է անգամ մեկ արդիական մտածող զինվորականը, ով հնարավորություն կունենա ուսանել ամենաարդիական ռազմական համակարգերում՝ ՆԱՏՕ անդամ որեւէ պետությունում, եւ զինուժի կառավարման մասին ժամանակակից, ամբողջական պատկերացումներով համալրել Հայաստանի զինված ուժերը եւ տեղայնացնել ձեռք բերված գիտելիքները:
Այդ իմաստով, Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգում չդնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր՝ առավել եւս, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունը կարծես թե ամենեւին էլ չի պայմանավորում դրանով, այդուհանդերձ պետք է խնդիր դնի տարածաշրջանում լինել Հյուսիսատլանտյան դաշինքի ամենահուսալի եւ կայուն գործընկերը եւ ունենա ՆԱՏՕ ռազմական չափանիշներին ամենահամապատասխան բանակը Հարավային Կովկասում: Մնացյալ ռազմական համակարգերի կրթական նշաձողերը Հայաստանի համար պետք է հետաքրքիր լինեն պարզապես ինֆորմացվածության եւ հաղորդակցության նվազագույն բավարար աստիճան պահպանելու համար: Այն, ինչը պատկերացումների, մտածողության առումով անհրաժեշտ է Հայաստանին մոտ եւ հեռու ապագայի համար, ներկայում կարող է ապահովել միայն ՆԱՏՕ կրթական համալիրը:
Դրանից ցածր չափանիշների պարագայում հայկական զինուժը չի կարող լիարժեք բավարարել պետական քաղաքականության հեռանկարային թիրախների ուղղակի կամ անուղղակի սպասարկումը, չի կարող խթանել իր հանդեպ հասարակական վերաբերմունքի վերափոխման խորքային գործընթաց եւ դրանով իսկ ձեւավորել հասարակական նոր հոգեբանություն, ինչն իր հերթին նաեւ ազդեցություն կթողնի պետական ամբողջական քաղաքականության մշակման եւ իրականացման վրա:
Առանց այդ հոգեբանական փոփոխությունների, այդ թվում ռազմաքաղաքական պատկերացումների իմաստով, Հայաստանի Հանրապետությունը չի կարող լիարժեք ապահովել խաղաղության պահպանման համար անհրաժեշտ իրենից հասանելիք մեխանիզմների աշխատանքը, ու նաեւ չի կարող հավակնել տարածաշրջանային գլոբալ առաջատարի դերին: Իսկ այդ իմաստով Հայաստանը թերեւս այլընտրանք չունի՝ Կովկասում կամ կլինի առաջինը եւ առաջատարը, կամ չի լինի ոչինչ:
